Էստոնիան Նարվայում ռազմաբազա կհիմնի Ռուսաստանի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վահուր Կարուսը, փոխանցում է ERR-ն։ Ակնկալվում է, որ օբյեկտը կտեղավորի ավելի քան 200 էստոնացի զինվորականներ և դաշնակից ստորաբաժանումներ: Նրանք այնտեղ կլինեն մշտական հիմունքներով։ Ընդ որում կգործի ռոտացիա:
«Մենք մասամբ ներկայացված ենք քաղաքում Kaitseliit-ի միջոցով (Էստոնիայի պաշտպանության լիգա, կամավոր կիսառազմական կազմակերպություն), բայց մեր նպատակն է այնտեղ մշտական ստորաբաժանումներ տեղակայել: Նրանք մարտական հերթապահություն կանցնեն, իսկ հետո կվերադառնան, օրինակ, Յոհվի կամ Տապա՝ շարունակելու իրենց բնականոն ուսուցումը», — բացատրել է Կարուսը:
Նա մանրամասնել է, որ բազայում կտեղավորվեն ինչպես ակտիվ զինվորականներ, այնպես էլ ժամկետային զինծառայողներ, և պահեստազորայիններ։ Նրա խոսքով՝ զինվորականները կդառնան «քաղաքային առօրյա կյանքի» մի մասը, ինչը տեղի բնակչությանը «հստակ ազդանշան կտա Էստոնիայի պետության ներկայության մասին» և Ռուսաստանին ցույց կտա, որ «Նարվան Էստոնիայի անբաժանելի մասն է»։ Կարուսը հավելել է, որ բազայի ստեղծման մասին որոշումն ընդունվել է պաշտպանության ուժերի ղեկավարի և խորհրդարանական կուսակցությունների խորհրդակցություններից հետո, որոնք հավանություն են տվել նախաձեռնությանը։
Մինչ այս՝ 2024 թվականի սեպտեմբերին, Էստոնիան բացել էր Ռիդո ռազմաբազան հարավում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ՝ նախատեսված 1000 մարդու համար։ Նշվել է, որ Վիրուի մոտ գտնվող օբյեկտը կօգտագործվի որպես «հավաքման կետ»՝ համաձայն ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանների։
2025 թվականին Էստոնիան կսկսի պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին։ Հյուսիսարևելքում 14 բունկերից բաղկացած առաջին հենակետը կհայտնվի մինչև աշուն, իսկ հարավարևելյան սահմաններին կտեղադրվի ևս չորս ապաստարան։ Պաշտպանական կառույցները պետք է կարողանան դիմակայել 152 մմ պարկուճին։ Ընդհանուր առմամբ, պաշտպանական գծի երկայնքով կլինի 600 ապաստարան, որոնք տեղակայվելու են ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հողերի վրա։

