Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում ենք շատ, շատ ամուր դիրքում», — ասաց Քելլոգը։ Նա նշեց, որ ԱՄՆ-ի բոլոր պայմանները չէ, որ ուկրաինական կողմի սրտով էին, բայց «դա նորմալ է, երբ դուք ցանկացած բանակցություններ եք վարում»։
Ի թիվս այլ բաների, Ուկրաինան համաձայնել է տարածքային զիջումների՝ համապատասխան ռազմաճակատում ստեղծված իրավիճակին, բայց «ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո»։
«Ուկրաինացիները պատրաստ են հրաժարվել ռուսների կողմից օկուպացված տարածքներից, ոչ թե դե յուրե, ընդմիշտ, այլ դե ֆակտո, քանի որ ռուսներն իրականում օկուպացրել են այս հողերը։ Նրանք համաձայնել են դրան։ Եվ նրանք ինձ դա ասել են անցյալ շաբաթ», — ասել է հատուկ դեսպանորդը։ «Նրանք հասկանում են, որ երբ հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Հենց սրան են նրանք պատրաստ»։
Իր հերթին, Կիևը, ըստ Քելլոգի, «ցանկանում է համապարփակ և մշտական հրադադար, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի»։ Հատուկ դեսպանորդը հավելեց, որ ԱՄՆ նախագահը նույնպես ձգտում է դրան։
«Մենք ունենք մեկ կողմ։ Հիմա մեզ անհրաժեշտ է մյուս կողմը։ Եվ կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», — հավելեց Թրամփի հատուկ դեսպանորդը։ Նրա խոսքով՝ «հիմա ամեն ինչ կախված է ռուսներից, Պուտինից»։

