Նեպալի նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ ներկայիս ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբան, հարձակման են ենթարկվել զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, հաղորդում է India Today հեռուստաալիքը
Ըստ դրա՝ քաղաքական գործիչները վնասվածքներ են ստացել ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։ Նշվում է, որ ցուցարարները նաև հրդեհել են արտաքին գործերի նախարարին պատկանող մասնավոր դպրոցը։
Հիշեցնենք, որ վարչապետ Շարմա Օլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս երկրում արտակարգ իրավիճակի ստեղծման և քաղաքական ճգնաժամի սահմանադրական կարգավորման համար:
Նեպալում վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են խոշոր քաղաքական ճգնաժամի։ Ցուցարարները, որոնց մեծ մասը երիտասարդներ էին, հայտնի որպես «Gen Z», փողոցներ էին դուրս եկել սեպտեմբերի 4-ին կառավարության կողմից 26 հայտնի սոցիալական մեդիա հարթակների՝ Facebook, Instagram, WhatsApp, X (Twitter) և YouTube արգելելու որոշումից հետո։

