ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ պաշտոնն իր համար ամենաթանկը չէ ու 2018 թվականին հրաժարական տվեց, որովհետև պաշտոնից ավելի թանկ բան ուներ։
«Նաև ուրիշ մտածելակերպ կար, չէ՞։ Լավ, եթե շատ մարդիկ ուզում էին, իսկ այդ ժամանակ մարդկանց թիվը բավականաչափ ավելացել էր, թող գային, իրենք կառավարեին։ Որևէ մեկը ենթադրո՞ւմ էր, որ կարող է այսօրվա վիճակն ունենայինք, որևէ մեկը մտքի ծայրով անգամ ենթադրո՞ւմ էր, որ մենք կարող էինք կապիտուլյացիայի ենթարկվել։ Որևէ մեկի մտքի ծայրին անգամ կա՞ր, որ սրանք ցեղասպանությունը կասկածի տակ կդնեն։ Կարո՞ղ էր որևէ մեկը մտածել, որ Սահմանադրությունը պետք է փոխենք, որպեսզի Արարատի մասին մոռանանք, որպեսզի Անկախության հռչակագիրը մոռանանք։ Եթե կա մեկը՝ թող ասի»,- «Իմնեմնիմի» փոդքասթին տված հարցազրույցում ասել է նա։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է՝ այն, ինչ տեղի ունեցավ, կատաստրոֆա է ու դեռ չգիտենք՝ էլ ինչեր են լինելու։
«Եթե ինձ ուղիղ հարց տաս՝ եթե իմանայիր նման բաներ են լինելու, ի՞նչ կանեիր, ես կասեմ՝ ամեն ինչ, բայց իմ նպատակն իշխանությունը պահելը չէր» ,- նշել է նախագահը։
Հարցին՝ ո՞րն էր ավելի կարևոր բանը, որն ուներ՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Արցախը»։
«Ոչ թե նրա համար, որ ես Արցախում էի ծնվել, այլ խորապես համոզված էի, որ առանց Արցախի, Հայաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում մոտենալու է 0-ի։ Այսինքն՝ մենք գոնե պրակտիկայում դրանում համոզվեցի՞նք, թե՞ չէ»,- շեշտել է ՀՀ 3-րդ նախագահը։

