Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ ու զղջման խոսք ասաց, որ երեկ սպառնալիքների ներքո ասել էր, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած տիրադավներին։
Տեր Արտաշեսն ասաց, որ ամբողջ ճշմարտությունն արտացոլված է իր այսօրվա հայտարարության մեջ։
«Ոչ մի տող կամ միտք՝ այս կողմ կամ այն կողմ»,- նշեց Տեր Արտաշեսը։
Տեր Հայրը հանդիպել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ, փակագծեր, սակայն, չբացեց։
Տեր Արտաշեսը թեմի բոլոր հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում։
«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն»,- ասաց Տեր Արտաշեսը։
Տեղեկությունները, թե երեկ հանդիպում է ունեցել թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հետ՝ Տեր Արտաշեսը հերքեց։
«Հանդիպումներ ունեցել եմ, բայց երեկ չեմ հանդիպել»,- հավելեց Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։
Նշենք, որ երեկվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։
Գևորգ Սարոյանին սպասարկող Մասյացոտնի թեմի նախկին էջով հայտարարել էին, որ Տեր Արտաշեսը միանում է հակաեկեղեցական արշավին, այսօր, սակայն, Տեր Հայրն ասաց, որ հայտարարությունը «հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության»։

