Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում պետական դավաճանության մեղադրանքով արդեն ութերորդ ֆիզիկոս-գիտնականն է կալանավորվել

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը պետական դավաճանության մեղադրանքով (ՌԴ ՔՕ 275-րդ հոդված) կալանավորել է «Ռոսկոսմոսի» կազմի մեջ մտնող Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի 35-ամյա մասնագետ Մաքսիմ Կրավչուկին։ «Осторожно, новости»-ի տվյալներով՝ գիտնականին ձերբակալել են դեռևս հունիսի 24-ին՝ իր ծննդյան օրը, սակայն գործի մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Հունիսի վերջին նա վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքի դեմ։ Թե կոնկրետ ինչում է մեղադրվում Կրավչուկը, անհայտ է, քանի որ պետական դավաճանության հոդվածով բոլոր գործերը գաղտնիացված են։

Կրավչուկը աերոդինամիկայի մասնագետ է։ Գիտնականն ուսումնասիրում էր մեկնարկային կառույցների վրա հրթիռային շարժիչներից դուրս եկող գերձայնային շիթերի ազդեցությունը և մեկնարկային համալիրների նախագծման ժամանակ սուպերհամակարգչային հաշվարկների կիրառումը։ Նա նաև մասնակցել է «Վոստոչնի» տիեզերակայանից «Անգարա-Ա5» կրող հրթիռների արձակման ժամանակ գազադինամիկ գործընթացների հետազոտություններին։

Կրավչուկը ծնվել է Քիշնևում։ 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում երկու անգամ այցելել է Ուկրաինա և Մոլդովա, ինչը պարզ է դառնում «Агентство»-ի ուսումնասիրած արտահոսքերից։

Կրավչուկը դարձել է առնվազն ութերորդ ֆիզիկոս-գիտնականը, ով կալանավորվել է պատերազմի մեկնարկից ի վեր։ Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պետական դավաճանության քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան բաժանմունքի ինստիտուտներում աշխատող Անատոլի Մասլովի, Ալեքսանդր Շիպլյուկի, Դմիտրի Կոլկերի, Վալերի Զվեգինցևի և Վլադիսլավ Գալկինի նկատմամբ։ Առաջին երեքին մեղադրել են Չինաստանին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ։ Դմիտրի Կոլկերին կալանավորել են անմիջապես հիվանդանոցից՝ քաղցկեղի չորրորդ փուլում, և նա մահացել է կալանավորումից երեք օր անց։ Շիպլյուկը դատապարտվել է 15 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման, Մասլովը՝ 14, իսկ Զվեգինցևն ու Գալկինը՝ 12,5-ական տարվա։

Բացի այդ, պետական դավաճանության գործով 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Սարովի Դաշնային միջուկային կենտրոնի աշխատակից Վիկտոր Իլյինը։ Նա նշվում է որպես երկու գյուտի հեղինակ՝ «պայթուցիչի ապահովիչ-կատարողական մեխանիզմ» և «ուղղորդված գործողության մարտական մաս»։

Տոմսկի դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել Զուևի անվան Մթնոլորտային օպտիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկոս Անտոն Կլիմկինին․ նրան մեղավոր են ճանաչել օտարերկրյա պետության հետ «գաղտնի համագործակցության» համար (ՌԴ ՔՕ 275.1 հոդված)։ Գիտնականն ուսումնասիրել է լիդարները՝ ուղղորդված գործողության լազերային տեղորոշիչներ, որոնք թույլ են տալիս ստանալ և մշակել հեռավոր օբյեկտների մասին տեղեկատվությունը։

Գերձայնային տեխնոլոգիաներով զբաղվող մի շարք գիտնականներ ձերբակալվել են դեռ պատերազմից առաջ։ Նրանց թվում են ինստիտուտի աշխատակիցներ Վլադիմիր Լապիգինը, Վիկտոր Կուդրյավցևը և Ռոման Կովալյովը։ Երեքին էլ մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Կուդրյավցևն ու Կովալյովը մահացել են կալանավայրում գտնվելու ընթացքում ձեռք բերած հիվանդությունների բարդություններից։

12 տարվա ազատազրկման են դատապարտվել նաև Պրոֆեսոր Ժուկովսկու անվան Կենտրոնական աերոհիդրոդինամիկ ինստիտուտի բաժնի վարիչ, ֆիզիկոս Անատոլի Գուբանովը և նրա ենթական՝ տեխնիկական գիտությունների դոկտոր Վալերի Գոլուբկինը։ Քննության վարկածով՝ նրանք եվրոպական պետություններից մեկին գաղտնի տեղեկություններ են փոխանցել HEXAFLY-INT գերձայնային քաղաքացիական ինքնաթիռի վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով