Մեծ Բրիտանիայում «մահվան հաշվիչ» կփորձարկեն։
Ըստ հրապարակված տվյալների՝ խոսքն արհեստական բանականության վրա հիմնված հատուկ ծրագրի մասին է, որն ընդունակ է սրտի առողջության վերլուծության հիման վրա հաշվարկել մարդու կյանքի տևողությունը։
Ինչպես նշում է The Lancet գիտական հանդեսը, այս ծրագրի օգնությամբ հիվանդները պետք է էլեկտրասրտագրություն անցնեն։ Ըստ մշակողների՝ այս կերպ ստացված տվյալները նեյրոնային ցանցին կբավականացնեն ապագայում սրտանոթային հիվանդությունների վտանգը կանխատեսելու և նույնիսկ մարդու մահվան սպասվող ամսաթիվը որոշելու համար, հայտնում է Life.ru-ն։ Գիտնականները հայտարարել են, որ արհեստական բանականությունը 10 տարվա ընթացքում մահվան ռիսկը հաշվարկում է 78 տոկոս ճշգրտությամբ:
Հետազոտողները պնդում են, որ ծրագիրը նույնիսկ ի վիճակի է կարդալու սրտի պաթոլոգիաների հանգեցնելու ունակ, բայց դեռևս չդրսևորված գենետիկ փոփոխությունները։ Ըստ «հաշվիչի» ստեղծողների՝ այն ճշգրիտ որոշում է մահվան ռիսկը, մասնավորապես՝ սրտի անբավարարությունից, փորոքային առիթմիայից և աթերոսկլերոզից:
Արհեստական բանականությանը «սովորեցրել են» օգտագործելով գրեթե 190 հազար հիվանդների ԷՍԳ տվյալները՝ հետագա 3-5 տարիների ընթացքում դիտարկել նրանց առողջական վիճակը։
Հարկ է նշել, որ հետազոտության ընթացքում գիտափորձին մասնակցած 190 հազար հիվանդներից մահացել է գրեթե 35 հազարը։ Համակարգը փորձարկվել է ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Մեծ Բրիտանիայի կամավորների վրա։ Առաջիկայում ծրագիրը նախատեսվում է թեստավորել Լոնդոնի հիվանդանոցներում։ Սրտաբանները հույս են հայտնել, որ այն հետագայում լայնորեն կկիրառվի առողջապահական համակարգում։

