Տոկիոյի ոստիկանությունը Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատակցին կասկածում է հասարակական վայրում անծանոթ կնոջ նկատմամբ ոտնձգության մեջ։ Այս մասին հայտնում է The Asahi Shimbun թերթը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հուլիսին։ Քննիչների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատան կցորդը հարբած վիճակում Տոկիոյի կենտրոնում խոսել է անծանոթ կնոջ հետ, որից հետո սկսել է նեղացնել նրան։ Ոստիկանություն է զանգահարել տեղի բնակիչներից մեկը։ Դեսպանատան աշխատակիցը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, սակայն խոստովանել է, որ «տեկիլա է խմել»։ Նա համաձայնել է ոստիկանների հետ բաժին գնալ, սակայն այնտեղ հայտարարել է, որ դիվանագիտական աշխատող է ու հեռացել։
Ավելի ուշ, ճապոնական ոստիկանությունը երկու անգամ կանչել է տղամարդուն՝ խոսելու, սակայն երկու խնդրանքներն էլ անտեսվել են: Ընդգծվում է, որ ոստիկանությունը մտադիր է առաջիկայում գործը փոխանցել դատախազություն։ Պարբերականի տվյալներով՝ դիվանագետն արդեն լքել է Ճապոնիան ու վերադարձել Սաուդյան Արաբիա։

