Meta-ն Թրամփի համար կատարել է 1 մլն դոլարի նվիրատվություն. WSJ

Meta կորպորացիան, որը գլխավորում է Մարկ Ցուկերբերգը, 1 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ֆոնդին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։

Նշվել է, որ Ցուկերբերգն այս կերպ փորձում է կարգավորել հարաբերությունները Թրամփի հետ, որն իր «Փրկել Ամերիկան» գրքում գործարարին մեղադրել է իր դեմ դավադրության մեջ 2020թ. եւ սպառնացել է նրան ցմահ բանտարկությամբ, եթե միջամտի 2024թ. ընտրություններին։ Այս քայլը տարբերվում է կորպորացիայի սովորական քաղաքականությունից, որը միջոցներ չի տրամադրել ոչ Թրամփի ֆոնդին 2017թ., ոչ Ջո Բայդենի ֆոնդին 2021թ., ավելացրել է թերթը։

Թերթը հիշեցրել է, որ նոյեմբերին Ցուկերբերգը հանդիպել է Թրամփի հետ նրա Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) նստավայրում։ The Wall Street Journal-ի աղբյուրների խոսքով՝ նախագահի հետ ընթրիքից առաջ Ցուկերբերգը նրա համար ցուցադրել է Meta Ray-Ban խելացի ակնոցները եւ դրանք նվիրել նրան։

Բացի այդ, Meta-ի ղեկավարն արդեն շփվել էր Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Սյուզան Ուայլսի հետ, իսկ Ցուկերբերգի խորհրդականը՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոյի, Սպիտակ տան աշխատակազմի ազգային անվտանգության գծով ղեկավարի ապագա տեղակալ Սթիվեն Միլլերի,  Ներքին քաղաքականության խորհրդի ղեկավարի թեկնածու Վինս Հեյլիի, ինչպես նաեւ Սպիտակ տան աշխատակազմի օրենսդրական եւ հանրային կապերի հարցերով ղեկավարի տեղակալ Ջեյմս Բլերի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով