Դամասկոսի հանրահայտ Օմայանների մզկիթում ուրբաթ օրը հրմշտոցից մահացել է 4 մարդ, 16 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է սիրիական SANA պետական տեղեկատվական գործակալությունը։
Հինգ երեխա կոտրվածքներ է ստացել, նշվել է Սիրիայի քաղաքացիական պաշտպանության հայտարարությունում։
Իշխանությունները փորձում են պարզել միջադեպի պատճառները եւ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին, գործակալությանը հայտնել է Դամասկոսի նահանգապետ Մահեր Մարվանը։
AFP գործակալության հետ համագործակցող եւ հրմշտոցի վայրում գտնվող լուսանկարիչը տեսել է, որ մզկիթի մոտ հավաքվել է մարդկանց մեծ ամբոխ, քանի որ այնտեղ ձրի ուտելիք էին բաժանում։
Տեսանյութում, որն ստացել է Associated Press-ը, նաեւ երեւում է մարդկանց հսկայական կուտակում, որոնք ձգվում են դեպի բաժանվող ուտելիքը։
Al-Watan թերթը տեղեկացրել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել սոցցանցերի օգտատերերից մեկի կողմից ձրի սննդի բաժանման ժամանակ։
Առավոտյան մզկիթ էր այցելել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, գրել է Arab News-ը։
«Մենք աշխատում ենք շտապ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպեսզի ապագայում նման միջադեպերը չկրկնվեն հանրային վայրերում»,- Մարվանին մեջբերել է SANA գործակալությունը։
Սիրիայի նոր իշխանությունները Դամասկոսի վերահսկողությունը զավթել են դեկտեմբերի 8-ին՝ երկրի նախագահ Բաշար Ասադին ստիպելով փախչել պատերազմի ավելի քան 13 տարիներից հետո։

