ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ պատրաստվում է աշխատանքից հեռացնել ներքին անվտանգության նախարարության (ՆԱՆ) հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփի վարչակազմն ունի «կենտրոնացված ծրագիր» եւ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց ցուցակ ՆԱՆ բոլոր ստորաբաժանումներում:
Աշխատողների կրճատումները կավելանան ընդհանուր կրճատումներին, որոնք արդեն սկսվել են գերատեսչությունում փետրվարի 14-ի երեկոյան եւ ազդել ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության, ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության եւ Կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության վրա:
Այս շաբաթ, նշել են աղբյուրները, նախարարության կողմից վերահսկվող գերատեսչություններից կարող են ազատվել բարձրաստիճան աշխատակիցները։ Ընդ որում՝ խնդիրը ոչ թե կադրերի կրճատումն է, այլ այն աշխատակիցների հեռացումը, որոնք, ըստ իշխանությունների, կարող են խանգարել Թրամփի վարչակազմի կողմից դրված նպատակների իրականացմանը, նշել է NBC News-ը։
Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հիմնական գերատեսչությունն է, որին հանձնարարված է վերահսկել երկրի միգրացիոն օրենսդրության պահպանումը:

