Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) միջոցով 1,4 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացվի Սևանա լճի պահպանման և վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ սա Հայաստանի առաջին ծրագիրն է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակում։ Մաթևոսյանը նշել է, որ COP17-ի շրջանակում կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից ստացված ֆինանսական պարտավորությունները թույլ են տալիս բոլոր աղբյուրներից մոբիլիզացնել ավելի քան 1,8 մլրդ դոլար և աջակցել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված վճռական քայլերին։ Նախարարը հայտարարել է, որ այս գումարը լրացնում է ավելի վաղ հայտարարված 500 մլն դոլարի չափով պարտավորությունն ու 300 մլն եվրոյի նպատակային ֆինանսավորումը, որոնց մասին հայտնի էր դարձել նախօրեին։ Մաթևոսյանի խոսքով՝ COP17-ի առաջին շաբաթը ցույց տվեց բազմակողմ համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցները կարևոր որոշումներ են կայացրել կենսաանվտանգության, ինվազիվ օտարածին տեսակների, կրթության ոլորտում գենդերային հարցերի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։
Հայաստան
COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 մլն դոլար. Մաթևոսյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ