Հացահատիկի ողջ բերքի մեկ տասներորդը, ճակնդեղի 14 տոկոսը և խաղողի ու խնձորի ավելի քան մեկ երրորդն ապահովող Ռուսաստանի խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանը՝ Կրասնոդարի երկրամասը, արտակարգ դրություն է հայտարարում, հինգշաբթի տեղեկացրել է նահանգային կառավարությունը։ «Լոգիստիկ ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման, նավահանգիստների աշխատանքի դադարեցման և Ազով-սևծովյան ավազանում նավագնացության խափանման պատճառով Կրասնոդարի երկրամասի գյուղարտադրողները զրկվել են գյուղմթերքի մեծ ծավալներ իրացնելու հնարավորությունից, ինչն էլ հանգեցրել է հացահատիկի ներքին շուկայի գերհագեցմանը»,- նահանգապետ Վենիամին Կոնդրատևի որոշումից մեջբերում է անում «Ինտերֆաքս»-ը։ Փաստաթղթում նշվում է, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մարդկանց կենսապայմանների վատթարացման ու նյութական մեծ կորուստների։ Այս տարի Կուբանի ֆերմերները նախատեսում էին հավաքել 13,6 միլիոն տոննա հացահատիկ՝ նախորդ տարվա համեմատ 17 տոկոսով ավելի։ Սակայն օգոստոսին անօդաչուների հարվածների պատճառով Սև ծովի հացահատիկային բոլոր հիմնական նավահանգիստների աշխատանքի կանգառից հետո նրանք զրկվեցին բերքն արտահանելու հնարավորությունից։ Դրանից մեկ ամիս առաջ էլ Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով դադարել էին գործել Ազովի ծովի տերմինալները, և իշխանությունները ստիպված էին եղել ժամանակավորապես կասեցնել Կերչի նեղուցով իրականացվող նավագնացությունը։ Արդյունքում, հացահատիկի բերքահավաքով նախկինում առաջատար Ռոստովի մարզն արտակարգ դրություն էր հայտարարել։ Տարեկան 60 միլիոն տոննա հացահատիկ արտահանող հարավային նավահանգիստների աշխատանքի կաթվածահար լինելը հանգեցրել է ռուսական հացահատիկի արտահանման կտրուկ անկմանը։ Ըստ «ՍովԷկոն»-ի գնահատականների՝ սեպտեմբերին այն հասել է վերջին 17 տարվա նվազագույն ցուցանիշին (ընդամենը 1,8 միլիոն տոննայի)։ Ռուսաստանի հացահատիկային միության հաշվարկներով էլ ցորենի արտահանումը կրճատվել է չորս անգամ՝ կազմելով շաբաթական 347 հազար տոննա։ Ռուսական իշխանությունները փորձում են այլընտրանքային երթուղիներ գտնել՝ Բալթիկ ծովի նավահանգիստների արտահանման տերմինալները հարմարեցնելով հացահատիկի համար, և նույնիսկ պատմության մեջ առաջին անգամ 40 հազար տոննա հացահատիկ են արտահանել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։ Սակայն առաջարկվող այլընտրանքներն ապահովում են Տամանով ու Նովորոսիյսկով արտահանվող նախկին ծավալների միայն 10 տոկոսը. այս մասին նշված է ռոստովցի ֆերմերների՝ նահանգապետ Յուրի Սլյուսարին ուղղված դիմումում։ Նրանք զգուշացնում են գյուղարտադրողներին սպառնացող «դրամարկղային ճեղքվածքների» ու սնանկացումների մասին և իշխանություններից աջակցություն են խնդրում՝ պետական բյուջեից սուբսիդավորվող տոկոսադրույքներով արտոնյալ վարկերի տեսքով։ Միջոցների սղության պատճառով ֆերմերների մոտ մեկ քառորդը որոշել է հրաժարվել աշնանացանի ծրագրերից, իսկ ևս մեկ երրորդը պատրաստվում է կրճատել ցանքատարածությունները։ «ՍովԷկոն»-ի գնահատմամբ՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ աշնանացանի տեմպերը 2013 թվականից ի վեր ամենացածրն են եղել՝ կազմելով 6,1 միլիոն հեկտար։ «Սևծովյան արտահանման սահմանափակումների ֆոնին գյուղատնտեսները լուրջ ֆինանսական դժվարությունների են բախվում,- արձանագրում է «ՍովԷկոն»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սիզովը։- Հունիսից ի վեր ցորենի ներքին գները նվազել են մոտ 40 տոկոսով և այժմ 20-30 տոկոսով ցածր են ինքնածախսածածկման մակարդակից, ուստի գյուղարտադրողները ստիպված կրճատում են աշնանացան ցորենի ցանքսերը»։
Տնտեսություն
ՌԴ երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական մարզում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել՝ հացահատիկը իրացնելու անհնարինության պատճառով

Սկզբնաղբյուր: KARTSIQ