Հենրիխ Դանիելյանն իր Ֆեսբուքյան էջում գրում է․ Մոսկվայում ավարտվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության կազմակերպած «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովը։ Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել համաժողովի աննախադեպ մասշտաբն ու ներկայացուցչականությունը։ Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի 72 երկրների քաղաքական կուսակցությունների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ և վերլուծաբաններ։ Համաժողովը միջազգային քաղաքական երկխոսության կարևոր հարթակ էր, որը հնարավորություն ընձեռեց քննարկելու ժամանակակից միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակելու համաշխարհային մարտահրավերների շուրջ, ինչպես նաև հաստատելու նոր կապեր և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները։ Հատկանշական է, որ նման մասշտաբի միջազգային միջոցառումն անցկացվեց հենց Մոսկվայում, որը վերջին տարիներին փորձում էին մեկուսացնել միջազգային քաղաքական գործընթացներից։ Սակայն համաժողովի մասնակիցների աշխարհագրությունն ու ներկայացուցչականությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ միջազգային քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը հնարավոր չէ սահմանափակել մեկուսացման քաղաքականությամբ։ Համաժողովին ներկայացված երկրները միասին ընդգրկում են աշխարհի բնակչության զգալի մասը, ինչն ինքնին խոսում է միջոցառման միջազգային նշանակության և ընդգրկման մասին։ Մեզ համար համաժողովը հատկապես արդյունավետ էր նոր միջազգային կապերի հաստատման տեսանկյունից։ Հնարավորություն ունեցանք հանդիպելու տարբեր երկրների քաղաքական գործիչների, կուսակցությունների, երիտասարդական կազմակերպությունների, լրագրողական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և հետագա համագործակցության հնարավորությունները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը և համաժողովի բոլոր կազմակերպիչներին՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման, ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքային մթնոլորտի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Անդրեյ Արկադևիչ Կլիմովին և Տատյանա Նազարուկին՝ կատարած մեծ աշխատանքի, կազմակերպչական բարձր պատասխանատվության և յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։ Տպավորիչ էր, թե ինչպես էին նրանք, չնայած համաժողովի հագեցած օրակարգին և մասնակիցների մեծ թվին, կարողանում հետևել կազմակերպչական բոլոր գործընթացներին, անձամբ զբաղվել բազմաթիվ հարցերով և ապահովել միջոցառման անխափան ընթացքը։ Սա իսկապես համաշխարհային մասշտաբի քաղաքական համաժողով էր, որը ոչ միայն մեկ հարթակում համախմբեց տասնյակ երկրների ներկայացուցիչների, այլև նոր հնարավորություններ ստեղծեց միջազգային կապերի ամրապնդման, քաղաքական երկխոսության զարգացման և երկարաժամկետ համագործակցության համար։ Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կայացած հանդիպումները, հաստատված նոր կապերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան իրենց գործնական շարունակությունը։
Politics
Representatives from 72 countries gathered in Moscow for the "For the Freedom of Nations" conference. – Henrik Danielyan

Source: KARTSIQ