Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանի նախընտրական քարոզարշավը վերածվել է մեծախոսության և հակասական հայտարարությունների ամենօրյա շքերթի։ Ամեն օր, շրջելով համայնքի տարբեր բնակավայրերով, թեկնածուն փորձում է ընտրողներին մատուցել իր՝ «երազանքի գյուղի և քաղաքի» տեսլականը։ Մի գյուղում նա փորձում է համայնքապետարանի իրականացրած աշխատանքները փնովել, մեկ այլ տեղ շռայլորեն խոստանում է անիրատեսական բարեկեցություն, իսկ երրորդ վայրում՝ քննադատում, փնովում և «ամոթանք է տալիս» արդեն իսկ կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող ցանկացած շինարարական ծրագրի։ Սակայն քաղաքական պոպուլիզմի այս հեղեղի ներքո անհնար է թաքցնել իրականությունը, որն ուղղակիորեն կապված է հենց Գևորգյանի անվան ու գործունեության հետ։ Խոսելով բարեկարգ քաղաքի մասին և մյուսներին «ամոթի» դասեր տալով՝ նա, փաստացի, հենց Սևան համայնքի սրտում՝ բնակելի հատվածների անմիջական հարևանությամբ, իր ճաշակով և սեփական պատկերացումների շրջանակում տեղադրել է գազալցակայաններ։ Արտաքին տեսքով ղազախական յուրտաներ կամ անհասկանալի շինություններ հիշեցնող այս կառույցները իրականում ոչ թե բիզնես միջավայր են, այլ բաց երկնքի տակ տեղադրված «ռումբեր»։ Անվտանգության տարրական նորմերի անտեսմամբ գործող այս օբյեկտները ամեն վայրկյան ուղղակի սպառնալիք են քաղաքացիների կյանքի և առողջության համար։ Ամենամեծ զավեշտն ու քաղաքական ցինիզմը կայանում է նրանում, որ հենց Գևորգյանի քարոզիչներն ու համակիրները, բարձրանալով բազմաբնակարան շենքերի վերին հարկեր, լուսանկարում են հենց այդ տգեղ ու վտանգավոր կառույցները և փորձում դրանք ներկայացնել որպես Սևանի «իրական, անմխիթար վիճակ»։ Ստացվում է մի իրավիճակ, երբ սարեր ու ձորեր խոստացող թեկնածուն, ում համար տարիներ շարունակ առաջնայինը եղել է սեփական գրպանը լցնելն ու ցանկացած գնով գումար վաստակելը, այժմ պոպուլիզմի չափաբաժինը հասցրել է կրիտիկական կետի՝ փորձելով իր իսկ ստեղծած քաոսը բարդել ուրիշների վրա։ Այո՛, Սևանը տարեցտարի փոխվում է դեպի լավը, և այդ գործընթացն անշրջելի է։ Անխուսափելիորեն փոխվելու և քաղաքի դեմքը խաթարող այս «ռումբերից» մաքրվելու են նաև համայնքի փողոցները։ Եվ երբ գա այդ օրը, հուսանք, որ Վահրամ Գևորգյանի և նրա շրջապատի կողմից չեն հրահրվի նոր բախումներ ու անկարգություններ, ինչպես դա տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին։ Այն օրերին, երբ ողջ հայ ժողովուրդն ու պետությունը կանգնած էին մեծ պատերազմի և գոյաբանական վտանգի առաջ, Ծովագյուղում ընթանում էր բոլորովին այլ՝ նեղ անձնական ու խմբակային շահերի «պատերազմ»։ Ի դեպ, 2020 թվականի այդ աղմկահարույց դեպքերի, գազագողության փաստերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ դրսևորված բռնության ու ծեծկռտուքի, ինչպես նաև Ծովագյուղի նախկին գյուղապետի պահվածքի մանրամասներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ։