Երևանի քաղաքապետարանում, ըստ տեղեկությունների, նախընտրական կադրային փոփոխությունների գործընթաց է սկսվել Թեև Երևանի ավագանու հաջորդ հերթական ընտրություններին դեռ երկու տարի կա, տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նրա թիմն արդեն սկսել են նախընտրական գործընթացներին ուղղված կադրային վերադասավորումներ։ Քաղաքապետարանի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչական շրջաններին հանձնարարվել է բացահայտել համատիրությունների ընդդիմադիր հայացքներ ունեցող ղեկավարներին և ակտիվ անդամներին։ Ըստ նույն աղբյուրի՝ իշխանությունները ձգտում են այդ պաշտոններում ունենալ ՔՊ-ին աջակցող անձանց, որոնք քաղաքացիների հետ ամենօրյա շփումների ընթացքում կարող են նպաստել քաղաքապետի դրական կերպարի ձևավորմանն ու ընտրական աջակցության ապահովմանը։ Ներկայումս ընթանում է ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հայտնաբերման գործընթաց, որն ուղեկցվում է նրանց հետ անցկացվող ճնշող բնույթի զրույցներով։ Փորձ է արվում նրանց աշխատանքում թերություններ հայտնաբերել՝ հորդորելով սեփական նախաձեռնությամբ հեռանալ զբաղեցրած պաշտոններից, հակառակ դեպքում ակնարկելով հնարավոր պաշտոնանկության մասին։