Հայաստանյան քաղաքական դաշտում դիմակները շարունակում են պատռվել, իսկ տարիներով ստվերում վարվող ետնաբեմային կեղտոտ խաղերն աստիճանաբար դառնում են ավելի քան բացահայտ ու պարզունակ։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա քաղաքական կլանը, հավատարիմ մնալով իրենց ձեռագրին, հերթական անգամ ի ցույց են դնում սեփական քաղաքական սնանկությունը։
Ռոբերտ Քոչարյանը Նարեկ Կարապետյանին «անբարոյական» է անվանում, բայց, ինչպես միշտ, ոչ թե տղամարդավարի՝ ուղիղ ու բաց դեմքով, այլ սեփական որդու՝ Լևոն Քոչարյանի կողմից ֆինանսավորվող ու վարձատրվող «Բոլոլա» տելեգրամյան ալիքի և նմանատիպ տեղեկատվական «աղբամանների» միջոցով։
Սա քոչարյանական հայտնի տակտիկան է՝ գործել պատվերով, ստվերից և ուրիշի ձեռքերով։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանի համար ձևավորվել է նոր, բայց իրականում շատ հստակ թիրախ՝ Ազգային ժողովի այլընտրանքային ընդդիմությունը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ փակ հանդիպումների ժամանակ նա իր թիմակիցներին բացահայտ հավաստիացրել է, որ պետք է անեն հնարավորն ու անհնարը ընդդիմադիր գործընկերների դեմ։ Պնդել, որ այլընտրանքային ընդդիմությունը չի կարող երկար ձգել, ամեն գնով արհեստականորեն հասցնել նրանց ձախողմանը, այդ ձախողումները ծառայեցնել որպես նոր դուռ՝ արտաքին ուժերի մոտ «ռեաբիլիտացվելու» և կրկին արդեն նախկին հովանավորներին ցույց տալու համար, թե իբր «սրանցից բան դուրս չի գա, միայն մենք ենք ձեր հույսը»։
Քոչարյանական քարոզչամեքենայի միակ նպատակը ընդդիմադիր դաշտում սեփական քաղաքական մենաշնորհի պահպանումն է՝ ցանկացած այլընտրանքային քաղաքական ձայն կոտրելու և հանրությանը բացառապես սեփական նեղ կլանային շահերը մատուցելու ճանապարհով։ Սեփական քաղաքական ամբիցիաները սպասարկելու և արտաքին ուժերի աչքում կրկին «միակ իրական ընդդիմություն» երևալու մոլուցքով տարված՝ Քոչարյանի թիմն այժմ լծված է մի վտանգավոր գործընթացի։
Նրանք փորձում են հանրության աչքում ամեն գնով նույնացնել Նիկոլ Փաշինյանի և Նարեկ Կարապետյանի թեզերը։
Սա արվում է միայն մեկ բանի համար՝ տապալել ցանկացած այլընտրանքային ընդդիմադիր նախաձեռնություն։ Ընդ որում, Քոչարյանին ու նրա շրջապատին բացարձակապես չի հետաքրքրում, որ այս կեղտոտ տեղեկատվական արշավից ուղղակիորեն շահում է գործող իշխանությունը։
Փաստացի, Ռոբերտ Քոչարյանն իր գործողություններով դարձել է Փաշինյանի իշխանության երկարաձգման թիվ մեկ երաշխավորը՝ սպանելով յուրաքանչյուր նոր, թարմ ու իրական այլընտրանք, որը կարող է համախմբել ժողովրդին։
2026-08-03

