Ալիևը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմը հասկացել է «Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»

Մենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ, և մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Թրամփին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Շուշիում անցկացվող 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում։ «Մեծ տարբերություն կա նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման և ԱՄՆ նախորդ վարչակազմերի մոտեցման միջև։ Ցավոք, գրեթե 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում ԱՄՆ վարչակազմերը, նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա վարել են հակամարտության սառեցման, այլ ոչ թե ադրբեջանական տարածքների ազատագրման քաղաքականություն։ Նրանց նպատակն էր սառեցնել իրավիճակը և այն օգտագործել որպես Ադրբեջանի և, որոշ չափով, նաև Հայաստանի վրա ազդելու միջոց։ Նրանց գործունեությունն իրականացվել է լիովին համակարգված ձևով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի  գործունեությունը ծառայել է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ օկուպացիայի անորոշ ժամանակով շարունակմանը»,- հայտարարել է Ալիևը։ Նրա կարծիքով՝ Թրամփի մոտեցումը բոլորովին այլ էր։ «Մեր իրավիճակում նրա դերը շատ կարևոր էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հասան եզրափակիչ փուլին։ Նախագահ Թրամփը և նրա թիմը միացան գործընթացին և ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Նրանք լիովին հասկացան մեր մտահոգությունները խաղաղության վերաբերյալ։ Նրանք նաև հստակ հասկացան Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ համոզելու Հայաստանին, որ այս խաղաղությունը կարևոր է նրա համար»,- ասել է Ալիևը։ Նա նաև հավելել է TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանային տրանսպորտային քարտեզը։ «Նախագահ Թրամփն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքն անվանել է TRIPP։ Մեր ստացած տեղեկատվության համաձայն՝ այս նախագծի գործնական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս նախագիծն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը, կծառայի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում համագործակցության նոր դրական միջավայր կձևավորի։ Մեզ դա իսկապես անհրաժեշտ է»,- հայտարարել է Ալիևը։ Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1040584.html

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով