Համաշխարհային տերությունները Փարիզում համաժողով են անցկացնում Լիբանանին օգնելու հարցով

Աշխարհի մի շարք պետություններ Փարիզում հոկտեմբերի 24-ին նախատեսված հանդիպման ընթացքում մտադիր են 500 միլիոն եվրո հանգանակել Լիբանանին հումանիտար հրատապ օգնություն տրամադրելու համար։

Ֆրանսիան պատմական կապեր ունի Լիբանանի հետ և Վաշինգտոնի հետ շփումներ է ունեցել՝ փորձելով այնտեղ հրադադարի հասնել։ Ըստ հրապարակման՝ Փարիզը շտապ կերպով համաժողով է կազմակերպել, որին ներկայացված կլինեն 70 պատվիրակություն և 15 միջազգային կազմակերպություն։ Այնուամենայնիվ, համաժողովին մասնակցող բարձրաստիճան նախարարների թիվը մեծ չէ։

Լիբանանում Ֆրանսիայի հատուկ պատվիրակ Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ եթե հակամարտությունը չդադարի, ապա երկրում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ կարող է լինել։

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին և բարձրաստիճան մի շարք նախարարներ, իսկ Իսրայելը և Իրանը չեն հրավիրվել։

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության՝ համաժողովի ընթացքում նպատակ կա հանգանակել առնվազն 500 միլիոն եվրո՝ նախևառաջ օգնելու 500 000-ից մինչև 1 միլիոն տեղահանվածներին։ Լիբանանը հայտնել է, որ ճգնաժամը լուծելու համար հարկավոր է ամսական մոտ 250 միլիոն դոլար։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով