Հայաստանում ընդամենը 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա. փորձագետ

Հայաստանում շուկայում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։ Այս մասին «Հայաստանի նորություններ» –հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանից ձկան ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումների կիրառությունից հետո տնտեսավարող սուբյեկտների մոտ նոր իրողություններին հարմարվելու տեսանկյունից հետընթաց է նկատվում։ Աթոյանը հիշեցրել է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Ռուսաստանը քաղաքական պատճառներով իր շուկան փակում է հայ ձկնարտահանողների համար՝ հավելելով, որ նման պայմաններում տնտեսավարող սուբյեկտները կրճատում են արտադրության ծավալները։

Փորձագետը պարզաբանել է, որ արտադրողները պետք է հասնեն նրան, որ իրենց արտադրանքը համապատասխանի Եվրոպայի բուսասանիտարական պահանջներին, իսկ դա, իր հերթին, պահանջում է ֆինանսական ներդրումներ և ժամանակ։ Նա ընդգծել է, որ արտադրողների մի մասը անհրաժեշտ չի համարում հաղթահարել այդ դժվարություններն ու ավելացնել ծախսերը, ուստի հումքը վերավաճառում են այն ընկերություններին, որոնք այն վերամշակում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին և արտահանում լիովին պատրաստ արտադրանք։

«Իրացման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին ոլորտի մի շարք ներկայացուցիչներ խոսում էին դեռ 10 տարի առաջ, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արտադրողները նախընտրում են գնալ հեշտ ճանապարհով», — նշել է Աթոյանը։ Նրա խոսքով՝ արտադրության 40%-ը գնում է Ռուսաստան, 30%-ը՝ իրացվում է Հայաստանում, իսկ մնացած մասնաբաժինը՝ այլ ուղղություններով։

ՀԿ-ի ղեկավարը հավաստիացրել է, որ համային և այլ հատկանիշների տեսանկյունից հայկական արտադրանքը գերազանցում է բազմաթիվ երկրների արտադրողների արտադրանքին, որոնք այն մատակարարում են Ռուսաստան։ Միևնույն ժամանակ Արթուր Աթոյանը մատնանշել է Եվրոպայում հայկական արտադրանքի հանրահռչակման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ պետական կամ մասնավոր ֆինանսավորմամբ փառատոնների և այլ միջոցառումների անցկացման, ինչպես նաև իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ պետական մակարդակով ակտիվ աշխատանքի միջոցով։

Հիշեցնենք, որ անցած ամիս Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնարդյունաբերական արտադրանքի մատակարարումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով