Քննիչների հատուկ խումբը նախատեսում է Հարավային Կորեայի պաշտոնից հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին հարցաքննության կանչել դեկտեմբերի 18-ին։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Նրա տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները եկել են նախագահի նստավայր՝ ծանուցումը նրան հանձնելու համար։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմփիչմենթ հայտարարեց Յուն Սոկ Յոլին ռազմական դրություն մտցնելու պատճառով, ինչի հետեւանքով նրա լիազորությունները դադարեցվել են։ Այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ հաստատի իմփիչմենթը, թե վերականգնի Յուն Սոկ Յոլին պաշտոնում։
Նրա հանդեպ կատարվում է հետաքննություն խռովության կասկածանքով, որի նպատակն էր սահմանադրական կարգի տապալումը։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն էր մտցրել, որը չեղարկվել է մոտ վեց ժամ հետո։
Ավելի վաղ Yonhap-ը տեղեկացրել էր, որ դատախազությունը Յուն Սոկ Յոլին կանչել է հարցաքննության դեկտեմբերի 15-ին, բայց նա չի ներկայացել։ Գործակալության տվյալներով՝ Յուն Սոկ Յոլը դեռ փաստաբաններ չի վարձել, դրա համար էլ զրույցին չի ներկայացել։

