ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի էթիկայից դուրս գրառումը առաջացրել է օգտատերերի վրդովմունքը։ Մեծ թվով օգտատերեր են արձագանքել Փաշինյանի գրառմանը հորդորելով հրաժարական տալ, քննադատել են նրա ոչ ադեկվատ խոսույթը։
Բացի այդ, գրառում է արել նաեւ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են. «Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել…»»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրինակ, նշել էր. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։

