Ֆրանսիական Mirage 2000 կործանիչները, որոնք Փարիզը խոստացել էր տրամադրել Կիեւին ռազմական օգնության շրջանակում, հասել են Ուկրաինա, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն։ «Ուկրաինացի օդաչուները, որոնք ամիսներ շարունակ վերապատրաստում են անցել Ֆրանսիայում, այժմ կօգնեն պաշտպանել Ուկրաինայի երկինքը»,- գրել է Լեքորնյուն Х սոցցանցում։
Նա չի հստակեցրել, թե քանի կործանիչ է տեղափոխվել Կիեւ։ Մինչ այդ La Tribune-ի աղբյուրները հայտնել էին, որ առաջին խմբաքանակը կներառի երեք ինքնաթիռ, իսկ ընդհանուր առմամբ Ֆրանսիան, որն ունի այս տեսակի 26 ինքնաթիռ, կարող է վեց կործանիչ փոխանցել ուկրաինական բանակին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինային Mirage 2000 ինքնաթիռ տրամադրելու որոշման մասին առաջին անգամ հայտնել է 2024թ. հունիսի սկզբի ։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Լեքորնյուն խոստացել էր, որ կործանիչների տեղափոխումը կավարտվի 2025թ. առաջին երեք ամիսների ընթացքում։ Այդ ժամանակ նա նշել էր, որ ինքնաթիռը կհամալրվի նոր սարքավորումներով, մասնավորապես՝ «օդ-երկիր» կրակի համակարգերով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգով։ Ուկրաինայում թույլատրվել է օգտագործել ֆրանսիական ինքնաթիռները՝ որպես հեռահար Storm Shadow հրթիռների կրիչներ, որոնցով ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքի խորքին։
Mirage 2000-ը չորրորդ սերնդի բազմաթիրախ կործանիչ է, որը մշակվել է ֆրանսիական Dassault ընկերության կողմից 1970-ականներին։ Այն կարող է կատարել առաջադրանքների լայն շրջանակ՝ օդային թիրախներ որսալուց մինչեւ ցամաքային թիրախների դեմ բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելը։ Այս ինքնաթիռը ֆրանսիական ավիացիայի ամենահաջող նախագծերից մեկն է։

