Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած ռազմական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 60, վիրավորվել է ավելի քան 150 պաղեստինցի։ Դրա մասին հայտնել է կատարական Al Jazeera  հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել անկլավի կենտրոնական մասին, ինչպես նաև Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին, որտեղ ռմբակոծությունները ոչնչացրել են բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 152 վիրավոր տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ և կլինիկաներ։ Գործակալությունը նշում է, որ փլատակների տակ և փողոցներում դեռևս կան բազմաթիվ զոհեր, որոնց հնարավոր չէ օգնության հասնել շտապօգնության մեքենաներով և քաղաքացիական պաշտպանության անձնակազմով։

Բժիշկների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 51 հազար 355-ի։ Առնվազն 117 հազար 248 մարդ վիրավորվել է։ 2025 թվականի մարտի 18-ից, երբ Իսրայելը հրադադարից հետո վերսկսեց ռազմական գործողությունները անկլավում, զոհերի թիվը հասել է 1978-ի, վիրավորվել է ավելի քան 5200 մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով