Դավիթ Խաժակյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին՝ նշելով, որ 21 տարեկանում քաղաքականությամբ զբաղվելու որոշումը գիտակցված ընտրություն էր, իսկ անցած տարիներն իր համար եղել են քաղաքական հասունացման և փորձառության շրջան։ «21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին: Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ: «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,- գրել է Խաժակյանը։ Հիշեցնենք, որ Խաժակյանը 2017 թվականին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ «Ելք» դաշինքի ցուցակով։ Ավելի ուշ, երբ «Ելք» դաշինքի հիմքով ձևավորված քաղաքական ուժերի ճանապարհները բաժանվեցին, նա շարունակեց գործունեությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կազմում։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղթահարեց անցողիկ շեմը և ներկայացված էր Ազգային ժողովում։ Խաժակյանը, չնայած կուսակցության ակտիվ ներկայացուցիչներից էր, պատգամավորական մանդատ չստացավ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան»-ը դուրս մնաց Ազգային ժողովից։ Խաժակյանը շարունակեց քաղաքական գործունեությունը կուսակցության շրջանակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով