Մակրոնը եւ Սթարմերը պատրաստ են Զելենսկու հետ այցելել ԱՄՆ՝ խաղաղության պլանը ներկայացնելու համար. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պատրաստ են մեկնել Միացյալ Նահանգներ։ Նրանք կարող են խաղաղության ծրագիր ներկայացնել, հայտնել է Daily Mail-ը։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Սթարմերը եւ Մակրոնը պատրաստ են Զելենսկու հետ Վաշինգտոն մեկնել արդեն հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության ծրագրի շուրջ միասնական ճակատ ներկայացնելու համար։

Մասնավորապես, Daily Mail-ի դիվանագիտական ​​աղբյուրները հաստատել են, որ հրադադարը կարող է սկսվել երկու կողմերի օդային եւ ռազմածովային ռմբակոծությունների դադարեցմամբ։ Աղբյուրը մանրամասնել է, որ մինչ այժմ վնասների մեծ մասը հասցվել է ռուսական օդային անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների պատճառով։

«Հաջողության դեպքում երկու կողմերն էլ կանցնեն ցամաքում հրադադարի, որը, ըստ աղբյուրի, «ավելի դժվար կլինի ստուգել եւ ավելի հեշտ խափանել», գրել է Daily Mail-ը:

Մասնավորապես, Սթարմերը հույս ունի համոզել Թրամփին երաշխավորել ԱՄՆ-ի կողմից անվտանգության «աջակցությունը», որը թույլ կտա Բրիտանիային, Ֆրանսիային եւ ձեւավորվող «կամավորների կոալիցիայի» մյուս անդամներին զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղությունը պահպանելու համար՝ չվախենալով ռուսական ուժերի անհապաղ հարձակումից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով