Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Երաժշտարվեստի ուղղությամբ կամավոր ատեստավորումը ներառում է մի շարք մասնագիտացումներ, իսկ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումն ընդգրկում է 20 մարզաձև և մասնագիտացում: Ատեստավորման ուղղությունները՝ այստեղ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

  • մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
  • ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
  • դասավանդվող ուղղությունը, որից մանկավարժական աշխատողը պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.
    • այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
    • հանրային ծառայությունների համարանիշը.
    • մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
    • մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
      • արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։

      Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

      • անունը, ազգանունը, հայրանունը.
      • կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
      • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
      • բնակության վայրը (մարզը, համայնքը).
      • ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
      • հանրային ծառայությունների համարանիշը.
      • էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։

        Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։Հայտերի լրացման մանրամասները՝ my.emis.am հարթակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով