Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը այլեւս երբեք չպետք է թույլ տրվի իշխել Գազայի հատվածում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ հեռախոսազրույցում։
«Պետքարտուղարը եւ նախագահը քննարկել են նաեւ Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը եւ ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին ազատելու կարեւորությունը», — նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում:
«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահին ԱՄԷ-ի կողմից Գազային տրվող մարդասիրական օգնության համար եւ ընդգծել է, որ անհրաժեշտ է երաշխավորել, որ ՀԱՄԱՍ-ն այլեւս երբեք չի կարող կառավարել Գազայում կամ սպառնալ Իսրայելին: Նրանք նաեւ նշել են իրենց աջակցությունը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշվել է փաստաթղթում։
Փետրվարի 10-ին Թրամփը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ազատ արձակել բոլոր պատանդներին մինչեւ փետրվարի 15-ի կեսօր։ Եթե Գազայի հատվածում պահվող մարդիկ ազատ չարձակվեն, ընդգծել է նա, ապա բոլոր պայմանավորվածությունները կչեղարկվեն եւ «դժոխք կսկսվի»։ Նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կարող է անել ԱՄՆ-ը նման դեպքում։ Փետրվարի 11-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ բանակը կվերսկսի ռազմական գործողությունները հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ չարձակի սահմանված ժամկետում։

