Սաուդյան Արաբիան ոչ միայն հարթակ կտրամադրի ռուս եւ ամերիկացի պաշտոնյաներին առաջիկա բանակցությունների համար, այլեւ մտադիր է հանդես գալ որպես միջնորդ։ Այս մասին կիրակի հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի թագավորության ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Միացյալ Նահանգները կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ամերիկյան ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ուկրաինացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, CNN-ին ասել է, որ Կիեւը ներկայացված չի լինի այս բանակցություններում:
Հեռուստաընկերությունը նշել է, որ Սաուդյան Արաբիան կարեւոր դեր ունի Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունում։ CNN-ը հիշեցրել է, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, մասնավորապես, նպաստել է ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատմանը, որը Ռուսաստանի Դաշնությունում պատիժ էր կրում թմրանյութերի մաքսանենգության համար, իսկ 2017թ. Թրամփը որպես նախագահ կատարել էր իր առաջին արտասահմանյան այցը Սաուդյան Արաբիա։
Ավելի վաղ Ուիթքոֆը հայտնել էր, որ փետրվարի 16-ի երեկոյան ԱՄՆ պատվիրակության կազմում կմեկնի Սաուդյան Արաբիա Ռուսաստանի հետ բանակցությունների եւ ակնկալում է լուրջ առաջընթաց ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։

