Ամենաբարձր պետական մակարդակով քաղաքական գործչին վարկաբեկել են. Ագնեսա Խամոյան

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունը այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մեր դիրքորոշումը այդ հարցի հետ կապված չի փոխվել, և անկախ նրանից, թե որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ ի՞նչ հայտարարություն է արել մեր ուժի հետ կապված, եթե ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ քաղաքական հետապնդումը շատ հստակ բանաձևեր ունի, բնականաբար մեր կողմից աջակցություն և սատարում լինելու է։

Երեկ ես նաև տեսա, որ Անդրանիկ Թևանյանի փաստաբանը ասում էր, որ Թևանյանի գործը ամբողջությամբ վերավորակավորվել է, լրջագույն մեղադրանքները պետական դավաճանության մասով, օտարերկրյա ուժային կառույցների կողմից հավաքագրվելու մասով, դրա դիմաց գումար ստանալու մասով, այդ բոլոր դրվագները մեղադրանքից դուրս են եկել։ Ես չգիտեմ իրականում տակը ինչ է մնացել, բայց մենք այսօր ունենք փաստ, որ հիմա այստեղ տեղի ունենում դատական նիստ, քննարկվելու է նաև Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը, ես լիահույս եմ, որ գոնե իր խափանման միջոցը կփոխվի։

Ես կարծում եմ, որ բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն և այս ընթացքում իսկապես համախմբվել են երկրի սպառնացող լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու հարցի շուրջ՝ անկախ նրանից իրար սիրում են, թե չեն սիրում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Անդրանիկ Թևանյանի մեղադրանքների մեծ մասը դուրս են եկել մեղադրանքից, Խամոյանն ասաց. «Սա ուղիղ խոսում է քաղաքական հետապնդման և ամենաբարձր պետական պաշտոնյայի մակարդակով քաղաքական գործչին վարկաբեկելու մասին։ Առհասարակ այս տարիների ընթացքում, նաև պատերազմից հետո, մենք տեսել ենք, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, մարդկանց վրա դաջել են պետական դավաճանի պիտակը, և քաղաքական, և պատերազմական գործերով, նաև ԱԳՆ–ում մի աղջկային մեղադրում էին պետական դավաճանության մեջ, նաև իր գործն է վերաորակավորվել։ Այսինքն մարդկանց վարկաբեկում են, պախարակում են, իսկ դա լրջագույն մեղադրանք է։ Ինֆորմացիան գնում է, հասարակության մեջ ձևավորում են ընկալում, որ այս–այս անձնավորությունները պետական դավաճաններ են, ամիսներ հետո, կամ գուցե մի տարի հետո կամ տարիներ հետո հաջորդում են դատական ակտեր կամ հրապարակումներ, որ իրականում մեղադրանքը դա չի կամ դատավճիռը դա չի։

Այսինքն, մարդկանց մոտ տպավորություն ստեղծողը և ձևավորողը առաջին ինֆորմացիան է, հետո ինչքան ուզում է՝ հերքես։ Առավել ևս քաղաքական գործչի համար, դա ծանրագույն հոդված է։ Այս ամեն ինչը բնականաբար բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ վարկաբեկել ընդդիմադիր քաղաքական գործիչներին»,– հայտարարեց Խամոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով