Ուկրաինական պատերազմի առաջնագծին մոտալուտ փլուզման վտանգ չի սպառնում ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման պատճառով։ Սակայն դադարի հետեւանքները ժամանակի ընթացքում ավելի կսրվեն։ Այս մասին նշվել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։
Երկու ամերիկացի պաշտոնյաներ ABC News-ին ասել են, որ զենքի մոտ 90 տոկոսը, որը Միացյալ Նահանգները խոստացել էր տրամադրել Ուկրաինային՝ որպես նախկին, այսպես կոչված, փաթեթների մաս Պաշտպանական աջակցության ծրագրի շրջանակում (PDA), արդեն հասել է երկիր: Մասնավորապես, դրանք ներառում են զինամթերք եւ հակատանկային համակարգեր։
Պարբերականի տվյալներով՝ PDA-ով հատկացվող զենքի մնացած 10 տոկոսը դեռ պետք է Ուկրաինա հասնի մինչեւ 2025թ. օգոստոս։ Ուկրաինայի եւ ամերիկյան ընկերությունների միջեւ սպառազինությունների մասնավոր պայմանագրերը, որոնցից շատերի համար Կիեւն արդեն վճարել է, հավանաբար կհեշտացնեն զենքի փոքր հոսքն Ուկրաինա «առնվազն առաջիկա տարիներին»:
Ըստ ուկրաինական Defense Express-ի գլխավոր խմբագիր Օլեգ Կատկովի՝ ԱՄՆ-ը մատակարարում է զենքի մոտ 30 տոկոսը Ուկրաինայի Զինված ուժերին, եվրոպացի գործընկերները՝ եւս 30 տոկոսը, իսկ մնացած 40 տոկոսը Ուկրաինան արտադրում է սեփական պաշտպանական արդյունաբերության միջոցով։
ISW-ն նշել է, որ Ուկրաինան կշարունակի պայքարել այն սպառազինությամբ, որն այժմ ունի, այն զենքով, որը տրամադրել են եւ կշարունակեն տրամադրել եվրոպացի գործընկերները, ինչպես նաեւ այն զենքերով, որոնք նա արտադրում է ինքնուրույն։
«Թրամփի վարչակազմի կողմից օգնության դադարը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու եւ ներկա տեմպերով հարձակողական գործողություններ իրականացնելու նրա կարողության վրա։ Սակայն դա առաջիկա ամիսներին չի հանգեցնի ճակատի ամբողջական փլուզման»,- նշվել է զեկույցում։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբանները նաեւ նշել են, որ ռուսական զորքերը, հավանաբար, կօգտվեն ուկրաինական սարքավորումների պակասից, ինչպես արեցին 2024թ. սկզբին ԱՄՆ ռազմական օգնության նախորդ դադարեցման ժամանակ:
«Ռուսաստանցիները կփորձեն օգտվել ԱՄՆ օգնության դադարից՝ Ուկրաինայի արեւելքում եւ հարավում հետագա առաջխաղացման եւ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների ողջ տարածքի նկատմամբ իրենց տարածքային հավակնությունները հիմնավորելու համար»,- նշվել է ISW զեկույցում։

