Բայդենն աղետի դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում՝ հրդեհների պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել չեղարկել ուղեւորությունն Իտալիա Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Նա նաեւ աղետի դրություն է հայտարարել նահանգում։ Այս մասին նշվել է չորեքշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռի հրապարակած հայտարարությունում։

«Այսօր երեկոյան Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա այսօր ավելի վաղ հանդիպել էր ոստիկանության, հրշեջների եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ, որոնք պայքարում են պատմական հրդեհների դեմ, որոնք մոլեգնում են այս շրջանում, եւ Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ մտցնելուց հետո, նախագահ Բայդենը որոշում է կայացրել չեղարկել գալիք ուղեւորությունն Իտալիա, որպեսզի կենտրոնանա դաշնային մակարդակով արձագանքման միջոցների կառավարման վրա»,- նշվել է փաստաթղթում։

Բայդենը հունվարի 8-ին Կալիֆոռնիայում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ այս որոշումը հասանելի է դարձնում դաշնային միջոցները Լոս Անջելեսի շրջանի տուժածների համար: Ինչպես նշված է փաստաթղթում, այդ օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների եւ տների վերանորոգման համար, էժան վարկեր՝ չապահովագրված գույքի կորուստները ծածկելու համար, եւ այլ ծրագրեր՝ օգնելու անհատներին եւ ձեռնարկատերերին հաղթահարել տարերային աղետի հետեւանքները: Բացի այդ, դաշնային օգնությունը հասանելի կլինի տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ որոշ մասնավոր ոչ առեւտրային կազմակերպություններին Լոս Անջելեսի օկրուգում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերի համար: Միջոցներ կհատկացվեն նաեւ ամբողջ նահանգում վտանգների նվազեցման միջոցառումների համար:

Լոս Անջելեսի օկրուգում հրդեհների ընդհանուր մակերեսը, ըստ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների, հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ Հրդեհը վնասել է ավելի քան հազար շենք եւ հանգեցրել առնվազն հինգ մարդու մահվան։ Օկրուգում էլեկտրաէներգիայի ավելի քան 175 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով