Բողոքի ակցիան Վրաստանի խորհրդարանի մոտ թափ է հավաքում. ցուցարարները դիպլոմներ եւ ֆուտբոլի գնդակներ են բերել

Վրաստանի խորհրդարանի մոտ Ռուսթավելու պողոտայում բողոքի ցույցի մասնակիցներին են միացել մայրերի երթի մասնակիցները, տեղեկացրել է Interpressnews-ը։

Նրանց դիմավորել են ծափերով։

Ավելի վաղ երթի մասնակիցները հավաքվել էին մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ, որտեղից երթով հասել են մինչեւ խորհրդարանի շենք։

Նրանք տանում են բաներներ, որոնց վրա գրված է. «Ձեռքերդ հեռու, սա իմ երեխան է», ինչպես նաեւ Վրաստանի եւ Եվրամիության դրոշները։

Բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ բողոքում են նախագահական ընտրությունների դեմ, որոնք տեղի են ունենում Վրաստանի օրենսդիր մարմնում։

Նրանք իրենց հետ բերել են դիպլոմներ եւ ֆուտբոլի գնդակներ։

Այսօր Վրաստանի խորհրդարանում ընտրողների կոլեգիան ընտրում է երկրի վեցերորդ նախագահին։

Դիտարկվում է միակ թեկնածուն՝ Միխայլի Կավելաշվիլին, նա նախկին ֆուտբոլիստ է եւ բարձրագույն կրթություն չունի։

Ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքին եւ իր թեկնածուին չի առաջադրել։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններն անվանել էր «պարոդիա» եւ «սադրանք»։ Ինչպես եւ ընդդիմությունը, նա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները, մինչեւ որ երկրում տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ստիպված կլինի «գնալ թոշակի» Կավելաշվիլու երդմնակալությունից հետո դեկտեմբերի 29-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով