Իրանը ուրբաթ Ստամբուլում բանակցություններ կվարի 2015թ. միջուկային համաձայնագրի (ԳՀՀԾ) եվրոպական կողմերի հետ, որն արդեն մոտ է ավարտին, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական եւ եվրոպական աղբյուրներին։
Բարձրաստիճան դիվանագետների միջեւ բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ ձգտում են դիրքավորվել առաջիկա օրերին ԱՄՆ-Իրան բանակցությունների սպասվող հինգերորդ փուլից առաջ:
Բանակցությունները, որոնք ավելի վաղ նախատեսված էին մայիսի 2-ին, հետաձգվել էին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք հայտնի են որպես «եվրաեռյակ», ի սկզբանե վարանում էին մտահոգությունների պատճառով, որ նման բանակցությունները կարող են զուգահեռ ուղղություններ ստեղծել եւ խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող բանակցություններին, որոնք, Վաշինգտոնի խոսքով, ուղղված են Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելուն։
Սակայն դիվանագետները նշել են, որ որոշել են շարունակել բանակցությունները, քանի որ, ի վերջո, իրենց շահերից է բխում պահպանել Իրանի հետ երկխոսությունը եւ հաստատել այն, ինչ նրանք պատկերացնում են որպես նոր միջուկային համաձայնագրի պարամետրեր:
Իրանը եւս շահագրգռված է բանակցություններ վարել՝ իր տարբերակները պահպանելու եւ եվրոպական տերությունների դիրքորոշումը գնահատելու համար ՄԱԿ պատժամիջոցների վերականգման վերաբերյալ, ինչից երկուշաբթի նրանց զգուշացրել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
2015-ի միջուկային համաձայնագիրը վավերացնող ՄԱԿ բանաձեւի պայմանների համաձայն՝ եվրոպական երեք տերությունները կարող են մինչեւ հոկտեմբերի 18-ը վերականգնել ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ, որոնք դիվանագիտական շրջանակներում հայտնի են որպես «արագ արձագանքման մեխանիզմ»:
Եվրոպական տերությունները ներգրավված չեն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացող բանակցություններում, որոնց չորրորդ փուլն ավարտվել է կիրակի Օմանում։ Սակայն երեք երկրները ձգտել են սերտորեն համակարգում իրականացնել Վաշինգտոնի հետ՝ որոշելու, թե արդյոք նրանք պետք է օգտագործեն արագ արձագանքման մեխանիզմը՝ Իրանի վրա նշումըմեծացնելու համար, կապված նրա միջուկային ծրագրի հետ:
Ըստ դիվանագետների եւ Reuters-ի տնօրինության տակ հայտնված փաստաթղթի՝ ԵՄ 3 երկրները կարող են պատասխան միջոցառումներ սկսել մինչեւ օգոստոս, եթե մինչ այդ որեւէ էական գործարք ձեռք չբերվի:
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերը լուծելու համար, տեղի կունենա մոտ օրերս, այն բանից հետո, երբ երկու կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքների հետ, հայտնել է Օմանը, որը հանդես է գալիս որպես միջնորդ բանակցություններում:

