«Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»․ Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Այս գործով դատարանն անցնում է ապացույցների հետազոտման փուլին։

Հանրային մեղադրողների կողմից միջնորդություն ներկայացվեց հիմնական դատալսումներում հարցաքննել Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին։ Դատավորը հարցրեց Սերժ Սարգսյանին․ «Մտադրություն ունե՞ք հիմնական դատալսումներում հարցաքննվել»։ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ըստ իրավիճակի, կտեսնենք։ Ավելի շատ՝ ոչ, բայց չեմ կարող ասել»։ Բարսեղ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց հարցաքննվել։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտով կոնկրետ հաստատված հանգամանքներ են նշվել, որոնք հակասության մեջ են մտնում հանրային մեղադրողի կողմից նախորդ դատական նիստում ներկայացված գույքային հայցի հետ։ «Վերաքննիչ դատարանը որեւէ նախադասությամբ կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»,- ասաց նա։

Հանրային մեղադրողը նշեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը չի կիսում, որովհետեւ Վերաքննիչ դատարանը նոր ծավալ է սահմանել, եւ պետք է որոշել ապացույցների հետազոտման ծավալը։ «Այն ապացույցների շրջանակը, որը մեղադրական կողմը ներկայացրել է, դատարանը պետք է ապացույցների վերաբերյալ որոշում կայացնի եւ ներառի հետազոտման ենթակա ապացույցների ծավալում։ Բայց արդեն ապացույցների հետազոտման ընթացքում գուցե նաեւ նպատակահարմար լինի հետազոտել այն ապացույցները, որոնք Վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ են արձանագրվել, հետո արդեն մյուս ապացույցների հարցը քննարկենք»,- նշեց հանրային մեղադրողը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով