Հայաստանի իշխանությունները ցուցադրաբար «պատժում» են Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը ՊԵԿ շենքի մոտ անցկացվող հանրահավաքում, որտեղ հարցաքննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ հարձակումները տեղի են ունեցել մի քանի փուլով․ բավական ագրեսիվ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, խլել են ձայները, ապօրինաբար թույլ չեն տվել անցնել խորհրդարան, իսկ այժմ, առաջնորդի նկատմամբ քաղաքական հարձակումներին զուգահեռ, տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։
«Դա տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների լռության պայմաններում։ Քաղաքական և տնտեսական առումով սա լուրջ ազդակ է ներդրողների համար։ Բոլորին ակնհայտ է, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ իշխանությունները կարող են խլել գույքը կամ խոչընդոտներ ստեղծել գործունեության համար։ Սա ազդակ է հանրությանը, որ այլակարծությունը կարող է հանգեցնել կալանքի։ Իշխանությունները դաշտ են ստեղծում իրենց հետագա գործունեության համար», — կարծում է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ հարձակումների են ենթարկվում նաև այլ քաղաքական գործիչներ՝ Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրանց նկատմամբ իրավապահ և դատական համակարգերին հրահանգներ են իջեցվել։
«Ամեն ինչ արեցին, որպեսզի ԲՀԿ-ն չմտնի ԱԺ և չփոխի ուժերի հարաբերակցությունը։ Միաժամանակ ցուցադրում են, որ ցանկացած ուժ, որը կփորձի խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, «կպատժվի», — հայտարարել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական դիրքորոշմամբ։

