Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար կտեղակայվի 4000 ոստիկան և մարզադաշտի 1600 աշխատող՝ ապահովելու անվտանգությունը մարզադաշտում և հանրային տրանսպորտում։ Պատճառն անցյալ շաբաթ Ամստերդամում Պաղեստինի կողմնակիցների կողմից իսրայելցի երկրպագուների վրա հարձակումներն են։
Ֆրանսիան և Իսրայելը նոյեմբերի 14-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղը, որին, ըստ Ելիսեյան պալատի, ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
2500 ոստիկան կտեղակայվի Փարիզի հյուսիսում գտնվող Ստադ դը Ֆրանս մարզադաշտի շուրջը, իսկ 1500-ը՝ Փարիզում և հանրային տրանսպորտում։
Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ խաղին պատրաստվելիս ֆրանսիացի կազմակերպիչները կապ են պահպանում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։
Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել:

