Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բարձրաձայնում են չվճարված աշխատավարձերի խնդիրը՝ նշելով, որ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց հասանելիք գումարները։
Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը ներկայացրեց իրավիճակը՝ ընդգծելով, որ խոսքը տասնյակ աշխատակիցների մասին է։
«Աշխատել ենք, փողերը չեն տալիս, մի քիչ տվել են, բայց մի 55 միլիոն պիտի փող տան»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կողմերը միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը. «Կապալառուն ասում է՝ չեն տվել, պատվիրատուն ասում է՝ տվել են։ Հետաքրքրվել ենք՝ իրոք տվել են, բայց մի բան հետ է գնացել կանխիկով»։
Աշխատակիցները պնդում են, որ գումարի մի մասը վերադարձվել է, իսկ մնացածը անհետացել է. «55 միլիոն հետ է գնացել, մնացածը կապալառուն գողացել, գնացել է չկա։ Մեզ էլ այդ երեք օբյեկտներից մոտ 55 միլիոնի կարգի պիտի փող տան ու չեն տալիս»։
Նրանք նշում են, որ կապալառուին գտել են, սակայն կապ հաստատել չի հաջողվում։
Հարցին՝ արդյոք իրավապահ մարմիններին դիմե՞լ են, քաղաքացին պատասխանեց. «Չէ, առաջինը ուզեցինք սենց գնա»։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ, իսկ տուժած աշխատակիցների թիվը հասնում է 95-ի։

