ԱՄՆ-ը հարուստ օտարերկրացիներին կտրամադրի «ոսկե քարտ», որը նրանց կտա ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք եւ քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Gold Card-ը կարժենա 5 մլն դոլար։
«Մենք պատրաստվում ենք վաճառել ոսկե քարտը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գրին քարտ կա։ Իսկ սա ոսկե քարտ է: Մենք այս քարտի գինը կսահմանենք մոտ 5 մլն դոլար, եւ այն ձեզ կտա գրին քարտի առավելությունները, գումարած այն, որ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ այս քարտը գնելով»։
Թրամփն ասել է, որ քարտերի վաճառքը կսկսվի մոտ երկու շաբաթից, եւ առաջարկել է, որ միլիոնավոր քարտեր կարող են վաճառվել, տեղեկացրել է CNN-ը:
Հարցին, թե արդյոք նա կդիտարկի ռուս օլիգարխներին քարտեր վաճառելը, Թրամփը պատասխանել է. «Այո, գուցե: Ես գիտեմ մի քանի ռուս օլիգարխների, որոնք շատ լավ մարդիկ են»։
Առեւտրի նախարար Հովարդ Լյութնիկն ասել է, որ քարտը կփոխարինի կառավարության EB-5 ներդրողների ներգաղթային վիզայի ծրագրին, որը օտարերկրյա ներդրողներին թույլ է տալիս ներդրումներ կատարել աշխատատեղեր ստեղծող ԱՄՆ նախագծերում, իսկ հետո հայտ ներկայացնել ԱՄՆ ներգաղթելու վիզա ստանալու համար։
«Նրանք, իհարկե, ստիպված կլինեն ստուգում անցնել,- ասել է Լյութնիկը,- որպեսզի համոզվենք, որ նրանք աշխարհի համաշխարհային դասի հիանալի քաղաքացիներ են»։
1992թ. Կոնգրեսի ստեղծած EB-5 ծրագիրը գրին քարտեր է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք նվազագույնը 1 050 000 դոլարի կամ 800 000 դոլարի ներդրում են անում տնտեսապես անապահով տարածքներում, որոնք կոչվում են նպատակային զբաղվածության գոտիներ՝ ամերիկացիների համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

