Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգըչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո, գրել է Tasnim-ը։
Արտաքին գործերի նախարարի օգնական, Իրանի արտգործնախարարության Միջերկրական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան պետք է խուսափի անտեղի մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձայնություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ երկու հարեւանների ընդհանուր շահերը։
Իրանցի դիվանագետը սիոնիստական ռեժիմի մշտական ագրեսիայի եւ էքսպանսիոնիզմի գործողությունները բնութագրել է որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամենամեծ սպառնալիքը:
«Ակնկալվում է, որ իսլամական խոշոր երկրներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն Պաղեստինի ճնշված ժողովրդի եւ տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործությունները եւ ագրեսիան դադարեցնելու վրա»,- ասել է Հեյդարին թուրք դեսպանին։
Իր հերթին Քիրլանգըչը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման օգտին։
Դեսպանի խոսքով՝ Թուրքիան եւ Իրանը պետք է սերտորեն համագործակցեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու եւ առկա սպառնալիքներին դիմակայելու համար։
Ավելի վաղ Ֆիդանը Al Jazeera-ի հարցազրույցում ասել էր, որ Իրանը վիթխարի միջոցներ է ծախսել «հանուն տարածաշրջանում իր նվաճումների»։

