Մենք պահանջում ենք Պռոշյան եւ Քասախ համայնքների տրանսպորտային 25 և 59 երթուղիները թողնել նույնը մինչև հարցի իրական և վերջնական լուծումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից Դավիթ Բոյաջյանը:
Նշենք, որ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երեւան մտնող մայրուղին եւ պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երեւանին:
«Եթե 25 համարը ու 59 համարը մնալու են և նույն ձևի գյուղ է մտնելու, խնդիր չկա, մենք կսպասենք»,-ասաց նա:
Պռոշյանի բնակիչներից Մարիամ Պետրոսյանն էլ հավելեց. «Կառավարության կողմից օրենքն ընդունվել է 2006 թվականին և 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, հետո 2021 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն «Մուլտիտրանսը» և շահել է 250 դրամ ուղեվարձի արժեքով, այն դեպքում, երբ այդպիսի գին այս կողմերում չի եղել ընդհանրապես: Ինձ կասկածելի է թվում, որ մրցույթին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն, բացի այդ, 19 տարի անց որոշում են միկրոավտոբուսները երթուղի բերել 2025 թվականին և արդեն աստղաբաշխական գներով»:
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քանի որ ակցիայի ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը՝ մեկնաբանելով, որ ավտոբուսում 80 տարեկան կին կա, պետք է հասնի տուն: «Ձեր խաթրով ենք գնում, մի այդպես արեք, գնացեք այն կողմ: Հայրենասիրությունից եք խոսում, մարդասիրությունից եք խոսում, մեքենայի մեջ 80 տարեկան մարդիկ են նստած, ճանապարհը բացեք, թող մարդը գնա»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
Այդ պահին նաեւ պարզվեց, որ ակցիայի մասնակիցներից մեկը ալկոհոլ է օգտագործել, ոստիկանները փորձեցին նրան մեկուսացնել, սակայն գյուղացիները թույլ չտվեցին՝ ասելով, ինքը հիմա հեռանում է, գնում է այստեղից:
Ի վերջո ավտոբուսին թույլ տվեցին անցնել:
Որոշ ժամանակ անց ակցիան ավարտվեց:
Ավելի վաղ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

