Երկրորդ Նախագահի թիմի դեպքում սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հանրային սերիալ՝ վատ սցենարով ու շատ թույլ դերասաններով

Երեխային դաստիարակելիս ասում են՝ ընտանիքի ներքին խոհանոցը փողոց դուրս չեն հանում։ Եթե տան ներսում գզվռտոց կա, խնդիրներ կան, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչում, նորմալ մարդիկ փորձում են դրանք սեփական պատերի ներսում պահել։
Բայց երկրորդ Նախագահի թիմի դեպքում սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հանրային սերիալ՝ վատ սցենարով ու շատ թույլ դերասաններով։
Թիմի ներսում մեկը սխալ բան է ասում՝ մեղավոր է Սերժ Սարգսյանը։ Մեկը սխալ քայլ է անում՝ դարձյալ Սարգսյանը։ Անգամ երբ ձեր մտերիմներն ու թիմակիցները տարիներով ցեխ են նետում Ազատիչի վրա՝ էլի Սարգսյանն է մեղավոր։
Եթե կան մարդիկ, ովքեր իրենց հայտարարություններով ու պահվածքով վնասում են ձեր իսկ առաջնորդին, ապա գոնե մեկ անգամ վերլուծել ու ֆիլտրել ձեր թիմը։ Չի կարելի ամեն անգամ սեփական տան փլուզված պատերի համար հարևանին մեղադրել։
Ձեր ներքին գզվռտոցը հանում եք հրապարակ, ձեր թիմակիցների ասածների համար պատասխանատվություն չեք կրում, ձեր շրջապատի մարդկանց տարիների թշնամանքը մոռանում եք, իսկ հետո հանկարծ որոշում եք, որ բոլոր խնդիրների արմատները գնում են դեպի երրորդ Նախագահը։
Սա արդեն ոչ թե քաղաքական վերլուծություն է, այլ՝ քաղաքական պարանոյա։
Դուք այնքան եք սովորել ձեր սեփական սխալները ուրիշների վրա բարդել, որ եթե վաղը ձերոնցից մեկը սայթաքի, երևի նորից Սերժ Սարգսյանին եք մեղադրելու, որ ձեր իսկ մաքրած հատակը կեղտոտ է մնացել։
Ու մի բան էլ։ Հարյուրամյա պատմություն ունեցող Դաշնակցության անունը այս պահվածքով բարձր չեք պահում։ Ընդհակառակը՝ այս ամենով հենց այդ գաղափարներն եք դարձնում ծաղրի առարկա։ Որովհետև գաղափարական լինելը սեփական թիմի ամեն մի խայտառակ քայլի համար ուրիշին մեղադրելը չէ։ Դա պատասխանատվություն վերցնելն է։ Իսկ պատասխանատվությունից դուք, կարծես, այնքան եք փախչում, որ արդեն սեփական շողքին էլ եք մեղադրում ձեր իսկ արածների համար։
Արագիլներից եք խոսում, բայց ջայլամի քաղաքականություն եք վարում։ Գլուխներդ այնքան խորն եք թաղել հողի մեջ, որ սեփական թիմի ներսում կատարվողը չեք տեսնում։ Իսկ հետո, երբ ամեն ինչ փլվում է, սկսում եք գոռալ՝ «մեղավորը Սարգսյանն է»։
Երբ տանդ պատերը ներսից ճաքած են, հարևանի պատին քար նետելը ոչ թե ուժ է, այլ պարզապես սեփական փլուզումը չտեսնելու անհաջող փորձ։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ այսօր «առաջնորդին պաշտպանելու» անունով հարձակվում եք նրանց վրա, ովքեր տարիներ շարունակ իրականում պաշտպանել են նրան, մինչդեռ ձեր շրջապատում եղել ու շարունակում են լինել մարդիկ, ովքեր ժամանակին նույն այդ առաջնորդի հասցեին ամենաստոր ու ամենազազրելի խոսքերն են հնչեցրել։
Ու հիմա բարձրացել եք բեմ, որ բարոյականության դասեր տա՞ք։ Նախ սեփական աչքի գերանը տեսեք, հետո նոր ուրիշների դիմակները պատռելու մասին խոսեք։Որովհետև ձեր դեպքում խնդիրը վաղուց արդեն ուրիշների դիմակները չեն։ Խնդիրն այն է, որ դուք ձեր իսկ ձեռքով պատռում եք սեփական դիմակները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով