Օրերս Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպո մականունով, տեսաուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով, թե 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «Kartsiq.am»-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանի հետ։
– Պարոն Աբովյան, մի քանի օր առաջ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո մականունով) տեսաուղերձով հանդես եկավ և ասաց, որ 2015 թվականին Գագիկ Ծառուկյանը Սամվել Կարապետյանի հետ հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Տեսե՞լ եք այդ տեսանյութը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
– Ճիշտն ասած՝ չեմ տեսել և այդ մասին տեղեկություն չունեմ։ Այն, ինչ հիմա լսում եմ առաջին անգամ, ինձ համար մի փոքր դժվար է մեկնաբանել, ըստ էության՝ այստեղ մեկնաբանելու բան էլ չկա։
Ասեմ ավելին՝ Հանրապետական կուսակցության հետ մենք այժմ միասնական ընդդիմադիր հրապարակի ներքո ենք։ Հանրապետական կուսակցության և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք թույլ չեն տալիս Սահմանադրության փոփոխություն իրականացնել, մենք գտնվում ենք համախմբման գործընթացի մեջ։ Արտաքին ճակատում ևս Հանրապետականի հետ տարբեր միջոցառումների շրջանակում հաճախակի միասին արդյունավետ դիմակայել ենք ադրբեջանական կողմի նկրտումներին։
