Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ օրինագծի ընդունման դեպքում նախատեսված միջոցառումների իրականացման համար պետական բյուջեից տարեկան կհատկացվի լրացուցիչ 25 մլրդ դրամ (ավելի քան 68,5 մլն դոլար – խմբ.)։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հստակեցրել է, որ փոփոխությունները ենթադրում են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների աշխատավարձերի կրկնակիից եռակի բարձրացում (համայնքների ղեկավարներինը կհասնի առնվազն 700 հազար դրամի – խմբ.)։ Կրկնապատկվելու է նաև նախարարների վարձատրությունը՝ հասնելով գրեթե 2 մլն դրամի։ Ըստ օրինագծի՝ Հանրապետության նախագահի աշխատավարձը կբարձրանա մինչև 2,6 մլն դրամ, փոխվարչապետներինը՝ 2,1 մլն, Մարդու իրավունքների պաշտպանինն ու Գլխավոր դատախազինը՝ 1,8 մլն, ԱԺ նախագահինն ու Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 2,4 մլն դրամ, իսկ պատգամավորներինը՝ մինչև 1,4 մլն դրամ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի աշխատավարձը կբարձրանա գրեթե 80%-ով (ներկայումս այն 1 մլն 498 հազար դրամ է – խմբ.), պարզաբանել է, որ պաշտոնյաների վարձատրության չափը կախված կլինի նրանց գործունեության արդյունավետությունից։ Նա հիշեցրել է նաև, որ իշխանությունն ընդունել է նորմ, ըստ որի՝ պաշտոնյաներն արդեն երկու տարի է, ինչ իրավունք չունեն որևէ նվեր ընդունելու։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում տևական ժամանակ տիրել է մի մթնոլորտ, որի համաձայն՝ սովորելն ամոթ էր։ «Հայաստանում իշխող վերնախավին ձեռնտու էր մեծ թվով անկիրթ քաղաքացիների առկայությունը, որպեսզի հնարավոր լիներ նրանց հեշտությամբ կառավարել քրեական ենթամշակույթի միջոցով։ Սովորելը, հատկապես տղաների շրջանում, ամոթ էր, «զապադլո»։ Այդ իսկ պատճառով տղաները Հայաստանում զիջում են իրենց դիրքերը բոլոր ոլորտներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ, նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել պետական և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը, այդ թվում՝ նրանց բազային աշխատավարձի հաշվարկման գործակիցները։ Միևնույն ժամանակ, նորմատիվ ակտերի առաջարկվող փաթեթը չի տարածվում պետական այն ծառայությունների վրա, որոնց համար ներկայումս սահմանված են որակավորման հաստատման վրա հիմնված վարձատրության լրացուցիչ մեխանիզմներ։ Բազային աշխատավարձի հաշվարկման գործակիցների գործող համակարգը պետական ծառայողներին չի խրախուսում ձգտել ավելի բարձր պաշտոնների, քանի որ առաջխաղացման դեպքում աշխատավարձի գործակիցների աճն անհամաչափ է պատասխանատվության, լիազորությունների և իրավասությունների ծավալի մեծացմանը։ Այս առումով՝ գործակիցների առաջարկվող փոփոխությունը հիմնված է այն մոտեցման վրա, որ աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման ավելի բարձր պատասխանատվություն, որոշումներ կայացնելու լիազորություններ, գործունեության վրա ազդեցություն, շփումներ և ներկայացուցչական գործառույթներ ունեցող պաշտոնատար անձանց բազային աշխատավարձի հաշվարկման գործակիցներն ավելանալու են տարբերակված չափերով։ Օրենսդիր, դատական և իրավապահ (դատախազություն, քննչական մարմիններ) համակարգերի, ինչպես նաև այլ անկախ մարմինների աշխատակիցների արդյունավետության համար տրվող պարգևավճարների չափը կփոխկապակցվի Կառավարության աշխատանքի արդյունավետության ցուցանիշի հետ։ Նախագծով կկրճատվեն նաև դատախազներին, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին տրվող հավելավճարները։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է բազային աշխատավարձի չափն ամեն տարի պետական բյուջեի մասին օրենքով սահմանելու փոխարեն այն անմիջականորեն ամրագրել օրենքում, ինչը թույլ կտա աշխատավարձ ստացողներին շատ ավելի պարզ եղանակով հաշվարկել իրենց բազային աշխատավարձի չափը։ Օրինագծերի փաթեթն առաջարկում է ներդնել երկարամյա ծառայությունը խրախուսող դրույթներ՝ որպես այլընտրանք որոշ իրավապահ մարմիններում սահմանված՝ 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքին։ Մասնավորապես՝ առաջարկվում է դատախազությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում և Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել 60 տարեկանի նվազագույն տարիքային շեմ։ Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ ներառելով աշխատանքի արդյունավետության գնահատումը։ Դա թույլ կտա վարձատրության չափը համապատասխանեցնել պատասխանատվության ու իրավասությունների մակարդակին, ինչպես նաև աշխատանքի արդյունքներին, որոնք էական գործոն են պետական ծառայությունների որակի և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։
Քաղաքականություն
ՀՀ իշխանությունները մտադիր են էապես բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը

Սկզբնաղբյուր: KARTSIQ