Պետական կառավարման համակարգը բարձրակարգ մասնագետներ ներգրավվածության խնդիր մշտապես ունեցել է, և այս խնդիրը առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև ընդհանուր համակարգում աշխատանքի տրամաբանությունը արմատապես փոխվել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի, նախարարների, պատգամավորների աշխատավարձը կտրուկ բարձրացել է, մասնավորապես, վարչապետի աշխատավարձը հասել է 2.6 մլն դրամի։ «Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել և այս նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերը և շղթաները ամբողջությամբ փոխվել են։ Այն մարդիկ, որոնք նախահեղափոխական ժամանակահատվածում միգուցե մոտիվացված էին մտնել պետական կառավարման համակարգ եկամուտ ձեռք բերելու այլ ճանապարհներով, այդ թվում կոռուպցիոն, որովհետև գործում էր համակարգված կոռուպցիա, հեղափոխությունից հետո այդ շղթան կոտրված է եղել և այն աշխատավարձները, որոնք փաստացի եղել են, դարձրել են պետական կառավարման համակարգը ոչ հետաքրքիր բարձր կարգի մասնագետների համար։ Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են: Ինչ վերաբերում է աշխատավարձից հետո պարգևավճար տրամադրելուն, Էդուարդ Աղաջանյանը նկատեց. «Վստահ չեմ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Ինչքանով տեղյակ եմ, խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է»: