Բյուրեղավանում ջրի մոնիտորինգը ամենօրյա ձևաչափով շարունակվում է, մենք շատ ուշադիր ենք ընդհանուր ջրի որակի մասով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Բյուրեղավանում թունավորման զանգվածային դեպքերին։ «Իհարկե, միայն մենք չենք այն կառույցը, որ այդ մոնիտորինգը իրականացնում են։ Ամեն օղակի իր պատասխանատվության շրջանակը ունի, բայց մենք, որպես հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, այս ընթացքում իրականացնում ենք ուժեղացված մոնիտորինգ։ Այս պահին մենք շեղումներ չենք գրանցում և շարունակվելու է ամենօրյա մոնիտորինգը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ակտիվ ընթանում են ջրային ենթակառուցվածքների բարենորոգման ծրագրերը, և այս մասով էլ պատկան մարմինները զբաղվում են, որ ենթակառուցվածքների վերականգնման, բարելավման աշխատանքները էլ ավելի մեծ տեմպով առաջ գնան»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է Սյունիքի Ծավ բնակավայրում ջրի մեջ սնդիկի հայտնաբեևրմանը, Ավանեսյանն ասաց. «Գիտեք, որ իրականացվել էր հետազոտություն ջրից, և մենք հայտնաբերել էինք սնդիկի պարունակության թույլատրելի շեմի շեղումներ։ Դրանից հետո ըստ մեր ընթացակարգերի ստեղծվել է աշխատանքային խումբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որտեղ ներառված են բոլոր արդեն գերատեսչությունները, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում աշխատանքներ են տանում, պարզելու ավելի մանրամասներ, պարզելու և վերահաստատելու փորձաքննությունները։ Սա էլ կանոնակարգված ընթացք է, երբ ինչ-որ շեղում է հայտնաբերվում, ապա դրանից հետո կատարվում են լրացուցիչ հետազոտություններ, կրկնակի հետազոտություններ»։ Նախարարն ասաց, որ մինչև հիմա այդ բնակավայրի բնակիչները տեղի ջուրը չեն խմում. «Մենք պահում ենք դեռ բոլոր զգուշության կանոնները, և այո, համայնքի բնակչությունը ապահովված է անվտանգ ջրամատակարարմամբ, մինչև այս բոլոր հարցերը, մեր ստեղծած օպերատիվ հանձնաժողովը կքննարկի և արդյունքների մասին բաց ու թափանցիկ ձևով կներկայացնի»։ Ինչ վերաբերում է վարկածներին, Ավանեսյանն ասաց, որ վարկածների մասով ինքն իրավասություն չունի որևէ բան ասելու։
Հայաստան
Ավանեսյանը՝ Բյուրեղավանի թունավորման եւ Ծավի ջրի սնդիկի մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ