Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունն ու ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց 2 ամսով։ Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Դատարանը որոշեց ևս երկու ամիս ժամկետով կալանքը երկարացնել՝ միակ բացառությամբ, որ թույլատրվեց, որ կինը և դուստրը հնարավորություն ունենան քրեակատարողական հիմնարկում տեսակցեն նրան։ Նախկինում ընդհանրապես բոլորի հետ արգելված էր տեսակցությունը, միայն փաստաբաններն էին կարողանում տեսակցել։ Իհարկե, դատարանը որոշումը չի տրամադրել, կտրամադրի, կծանոթանանք, թե ինչ է ի նկատի ունեցել, բայց ես կարող եմ դատական նիստի ընթացքի մասին իմ պատկերացումները ասել. Այն, ինչ, դատական նիստում է երեկ տեղի ունեցել քննարկումների ժամանակ, ակնհայտ է, որ այստեղ իրավական միակ որոշումը պետք է լիներ կալանքը չերկարացնելը։ Եթե պարզ խոսենք, տնային կալանքի հիմք չկար, բայց նույնիսկ գոնե պետք է տնային կալանք լինել։ Մենք ասում էինք, որ ընդհանրապես կարևոր չի բացակայելու արգելք կլինի, գրավ կլինի վարչական հսկողություն, թե տնային կալանք, ինքը ամեն պայմանում գտնվելու է տանը, հետևաբար տնային կալանքի վիճակում է լինելու, որովհետև իր միակ նպատակը բուժումներ ստանալն է, որ տան անդամները խնամք ապահովեն, բժիշկները այցելեն, կարողանան նրան համապատասխան վարժություններով ապահովեն, մկանների թուլացումը կարողանան փոքր-ինչ վերականգնեն, պարկելախոցերը վերանան»,–ասաց նա։ Պաշտպանի խոսքով, դատական նիստում երկար քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ քննչական մարմինը առկա մեղադրանքների վերաբերյալ նախորդ երկու ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ գործողություն չէր արել. «Այսինքն չորս տարբեր դրվագներով մեղադրանք կա, իրավաբանության իմաստն այն է, որ հատուկ ջանասիրությամբ պետք է հենց այս դրվագներով բոլոր գործողությունները կատարեն, որոնք հնարավոր կալանքի համար հիմք են, որպեսզի հաջորդ անգամ անհրաժեշտությունը չլինի երկարացնելու։ Մենք տեսնում ենք, որ այս երկու ամսվա ընթացքում իրենք միայն զննություններ են կատարել, խուզարկություններ, փորձաքննություններ եք նշանակել, որոնց ցանկության դեպքում անգամ Գագիկ Խաչատրյանը չէր կարող խոչընդոտել»,–ասաց պաշտպանը։ Նա հոմզմունք հայտնեց, որ կալանքի համար հիմքեր չկային։
Հայաստան
Այսուհետ կինն ու դուստրը կկարողանան տեսակցել Գագիկ Խաչատրյանին.

Սկզբնաղբյուր: KARTSIQ