Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք կասկածի տակ են դնում Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցներում հայտնված նյութերը, որոնցում Երևանում ընթացող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ֆոնին մտահոգություններ են հնչում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։ «Պատեֆոնը, այսպես ասած, արդեն խցանվել է կեղտով ու փոշով, բայց նրանք, միևնույն է, փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ ճռռոցը լսելի լինի։ Խոսքն այն նյութերի մասին է, որոնք նվիրված են Հայկական ատոմակայանի հետագա շահագործման՝ իբր թե ողջ տարածաշրջանի համար ներկայացրած վտանգին։ Այդ հրապարակումները գնահատելիս ամենակարևորը (իսկ դուք միակը չեք, որ հարցնում եք այդ մասին) տեսնելն է՝ ինչն անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանցում սկզբունքորեն բացակայում է որևէ փաստական հիմք։ Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, առանձին լրագրողների հավակնությունները տարակուսանքից բացի ոչինչ չեն առաջացնում և միայն հարցեր են հարուցում. ի՞նչ գնով են տեղավորել այդ ուղեցույցները («մեթոդիչկաները»)։ Ավելին՝ լրացուցիչ հարցեր են առաջանում նաև նման հրապարակումների հնարավոր քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Հնարավոր է՝ դրանք պայմանավորված են պարզապես ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու ինչ-որ մեկի ցանկությամբ»,— հայտարարել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայկական ատոմակայանի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկությանը, ինչն այն իսկապես կայուն է դարձնում տեղանքի նման մարտահրավերների նկատմամբ. «Կա՞ն արդյոք հուսալիության ապացույցներ՝ բացի տեսական հաշվարկներից։ Հավանաբար շատերն այդպիսի հարց կտան. հաշվարկները մի բան են, իսկ գործնականում ի՞նչ ունենք։ Կայանի հուսալիության ապացույցն այն է, որ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ անվտանգության բոլոր համակարգերն աշխատել են բնականոն ռեժիմով։ Անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ ատոմագործների հետ համատեղ զգալի աշխատանք է կատարել այս կայանի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին հաստատվել է մինչև 2031 թվականը դրա շահագործման անվտանգությունը։ Համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը՝ նպատակ ունենալով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը։ Ի դեպ, պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է իր շահագրգռվածությունն այս հարցում։ Մասնավորապես նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը։ Բոլոր միջոցառումներն իրականացվում են ԱԷՄԳ-ի պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան ձևով։ Գործակալության առաքելությունը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ ատոմակայանը համապատասխանում է անվտանգության, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության նորմերին»։