Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշան է հանձնել Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։ Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ Ազգային միասնության օրը, Կրեմլում, հայտնում է «Интерфакс»-ը։ Հայաստանի քաղաքացի Ավետիսյանն արժանացել է Ռուսաստանի պետական պարգևին՝ արտերկրում ռուսական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Պուտինը ստորագրել էր նրան պարգևատրելու մասին հրամանագիրը։ Ավետիսյանը 2001 թվականից Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր է և համակարգում է համալսարանի գիտահետազոտական գործունեությունն ու համագործակցությունը ռուսաստանյան գիտական կենտրոնների և բուհերի հետ։ Բարեկամության շքանշան է հանձնվել նաև այլ երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք նպաստում են Ռուսաստանի հետ միջազգային կապերի զարգացմանը։