«Ուզում եք ասել, որ ես այնքան միամիտ պետք է լինեմ, որ կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանն արդար ընտրություն է իրականացնելու, վարչական ռեսուրս չի կիրառելու, չի գալու բոլորին հերթական անգամ նստացնի։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները նստած են»։ Մտքի հեղինակը Ազգային ժողովի »Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է․ այն Աննա Գրիգորյանը, որը քաղաքականություն մտել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի ցուցակով, հետո դուրս եկել, հետո միացել Ռոբերտ Քոչարյանի թիմին, հետո հայտարարել, որ եթե Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ ընտրվի, ապա ինքն այլևս խորհրդարանում չի լինի․ այդ հայտարարությունից հետո նա ևս 5 տարի պատգամավոր է։ Գալով Աննա Գրիգորյանի հայտարարությանը։ Նա շարունակում է․ «Եթե ես իսկապես այդքան միամիտ լինեի, որ կարծեի մենք գնալու ենք ազնիվ, արդար հանրաքվեի և ես կարողանալու եմ ժողովրդին «ոչ»-ի ճամբարով իմ մեսիջին հասնել, ես վստահ եմ, որ ես կարողանալու եմ, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարչական ռեսուրսի կիրառումը, աննախադեպ ճնշումները, այդ մթնոլորտում չենք կարող համաձայնել մի պրոցեսի, որի ելքը արդեն տեսնում ենք, կանխատեսելի է»։ Իհարկե, լավ է, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչելուց, իսկ նրա ընդդիմադիրը լինելուց 6 տարի անց հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ազնիվ ընտրությունները, մեղմ ասած, իրարից հեռու երևույթներ են, բայց Գրիգորյանին հիշեցնենք, որ իր ու իր թիմի նախորդ իբրև թե միամտությունները հայ ազգի համար արժեցել են Արցախի ամբողջական հայաթափում, 2022-ին տարածքային ու մարդկային կորուստներ, հետո էլի տարածքային կորուստներ սահմանազատման անվան տակ․ չթվարկենք՝ Աննա Գրիգորյանն էլ, նրա քաղաքական թիմն էլ լավ գիտեն, թե ինչ են արել իրենք հայ ազգի գլխին։ Ոչ, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու կամ մարդկային ու տարածքային կորուստների համար ամենևին էլ ուղիղ նրանց չենք մեղադրում․ մենք չափազանց հեռու ենք իշխանական պրոպագանդայի թեզերը տիրաժավորելու մտքից։ Բայց և չենք մոռացել ու չենք մոռանալու, թե ինչպես Աննա Գրիգորյանի այնժամանակվա ու այսօրվա քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինչպես համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցելու ընտրություններին և «Հայրենիքի փրկության շարժումը» «տուն ուղարկեց»՝ կոտրելով հարյուր հազարավոր մարդկանց՝ փողոցային շարժումը Նիկոլ Փաշինյանի վերջնական հրաժարականով ավարտելու հույսն ու սրտահովանքը։ Այն ժամանակ իսկապե՞ս միամիտ էր Ռոբերտ Քոչարյանը, որը համաձայնում էր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցել, իսկ ԿԸՀ նախագահը մեմերի հերոս, իր անունը թվանկարչության կողքին գրած Տիգրան Մուկուչյանն էր։ Միամի՞տ էր, չգիտե՞ր, որ հազարավոր տղաների մահվան անուղղակի մեղավորը, այն ժամանակ Արցախի 75 տոկոսը հանձնածն ամեն գնով է փորձելու մնալ իշխանության։ Ընտրությունները կեղծելու մեխանիզմները Ռոբերտ Քոչարյանը չգիտե՞ր։ Չգիտե՞ր, որ նախկինում կիրառված ընտրախախտումները Փաշինյանն էլ է փորձելու անել։ Դա տարրական տրամաբանություն է, եթե կուզեք՝ մաթեմատիկա։ Այդքան միամի՞տ էր Քոչարյանը։ Վստահ ենք՝ ոչ։ Վստահ ենք, որ Աննա Գրիգորյանն էլ է վստահ, որ ոչ։ Իսկ եթե միատմություն չէր Փաշինյանի հետ ընտրության գնալը, ապա առնվազն հանցավոր համագործակություն էր, որն այս տարիներին հատկապես ուղեկցվում էր փողոցային պայքար + մենտ գաղափարը ծաղրելով։ Նույնը 2026-ին։ Վկա՝ Իշխան Սաղաթելյանի կողմից իմպիչմենտի ստորագրությունները երկար ժամանակ անց ու դժկամությամբ «Պատիվ ունեմ»-ին փոխանցելը։ Հետևաբար, այո, ո՛ևչ Քոչարյանն է միամիտ, ո՛չ Գրիգորյանը, ոչ էլ նրանց թիմում ինչ-որ ուրիշ մեկը։ Հետևաբար, իր այս մի քանի նախադասությամբ, Աննա Գրիգորյանը բացահայտում է, որ Քոչարյանն ընտրություններին մասնակցելով (ընտրությունն ընտրություն է՝ լինի խորհրդարանական, թե սահմանադրական հանրաքվե) իր անուղղակի ստորագրությունն է դրել այն բոլոր զիջումների տակ, որոնք արել է Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից հետո։ Հանցավոր ստորագրությունը։ NEWSPRESS.am
Քաղաքականություն
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է

Սկզբնաղբյուր: KARTSIQ